«Ադրբեջանը թույլ չի տալու այնտեղ որևէ բան դրվի, որովհետև այդ մեխանիզմն արդեն իսկ ԼՂՀ սահմանը լեգիտիմացնում է». Մանվել Սարգսյան
«Ադրբեջանն ակնկարկեց, որ իրենք նման պատասխանատվություն իրենց վրա չեն վերցրել»,- այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սահմանում մոնիտորինգի և հետաքննության մեխնիզմներ ներդնելու վերաբերյալ արած հայտարարության մասին:
Նրա գնահատմամբ՝ այդ հայտարարության մեջ շատ անորոշ ձևով գրված է ինչ-որ մեխանիզմներ ստեղծելու մասին, բայց նրանք որևէ պարտավորություն չեն վերցրել, որ ԵԱՀԿ-ն կարող է ուրիշ լիազորություն ունենալ:
«Ադրբեջանը փորձում է խուսափել, հայկական կողմից դեռ որևէ բան չեն ասել դրա հետ կապված: Կարծում եմ՝ շատ անորոշ էր ամեն ինչ, այդ հայտարարության մեջ կողմերի համաձայնության մասը շատ նեղ էր, «համանախագահները պնդում են, գտնում են…», բայց, ասենք, «կողմերը համաձայնել են, հունիսին նախատեսել հանդիպում…», չկա նման բան: Դրա համար մենք իրականության մեջ չգիտենք՝ համաձայնություներ եղե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց Մ. Սարգսյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը թույլ չի տալու այնտեղ որևէ բան դրվի, որովհետև այդ մեխանիզմն արդեն իսկ ԼՂՀ սահմանը լեգիտիմացնում է. «Բայց բացահայտ հրաժարվել էլ չեն կարող: Շատ զգուշավոր է Ադրբեջանն այս հարցում, ու իսկապես մենք էլ պետք է հասկանանք, որ պարտադրենք, որ ամենը, ինչ այնտեղ գրվել է, իրականություն դառնա»:
Քննարկմանը ներկա ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանն էլ նշեց, որ ինքն այդ պայմանավորվածությունների հետ կապված՝ լուրջ ակնկալիքներ չունի. «Չեմ կարծում՝ դրանք իրականություն դառնան: Վիեննայում ամրագրվեց այն, ինչ տեղի ունեցավ քառօրյա պատերազմի ժամանակ: Հայաստանի ներկայացուցիչը հրապարակավ հրաժարվեց այս տարածքների հետ կապված պատասխանատվություն ստանձնելուց, իսկ դա նշանակում է, որ հետագա հանձնումների համար դռները բացվեցին: Սա մենք պետք է լուրջ հաշվի առնենք ու դրա դեմն առնենք: Այդ առումով հանրության կարծիքը և ճնշումներն իշխանությունների վրա կարող են որոշիչ դեր կատարել»: