«Փոխզիջում հնարավոր է միշտ». «Կոմերսանտի» անդրադարձը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում երեկ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադրության սրացումից հետո առաջին հանդիպումն են ունեցել։ Բանակցություններն ընթացել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Կոմերսանտի» թղթակից Գալինա Դուդինան մանրամասներ է հաղորդել Վիեննայից, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

«Նախագահներ Ալիևի և Սարգսյանի հանդիպումն առաջինն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո։ Նախ՝ նախագահներն առանձին երկկողմ հանդիպումներ անցկացրեցին միջնորդ նախարարների հետ, ապա հավաքվեցին Վիեննայի շքեղ Bristol հյուրանոցի սրահում: Հանդիպման մասնակիցները նստեցին «П» տառի տեսք ունեցող սեղանի շուրջ, ընդ որում, երկու նախագահները հայտնվեցին միմյանց դեմ-դիմաց, իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:

«Այսօր Վիեննայում երկար օր էր,- կեսգիշերին մոտ լրագրողների հետ հանդիպմանը իր տպավորությունները ներկայացրեց Լավրովը,- տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում։ Դա ամերիկյան կողմի նախաձեռնությունն էր, մենք՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ենք»։

Կարդացեք նաև

Ինչպես հիշեցրել է Լավրովը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ներկայացված էին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ արտգործնախարարի առաջին տեղակալի մակարդակով։

Հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն, որի առանցքային դրույթները Լավրովը ներկայացրել է լրագրողներին:

Նախ՝ նա հայտարարեց, որ հանդիպմանը «պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի և կրակի դադարեցմանը հետևելու անհրաժեշտության մասին»՝ համաձայն 1994-1995 թվականների պայմանավորվածությունների։

Բացի այդ, որոշվել է ձևավորել կոնկրետ քայլեր՝ հետաքննելու շփման գծում միջադեպերը, և օգնել ԵԱՀԿ-ին՝ լուծել անհետ կորածների խնդիրը:

Եվ վերջապես, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն արդեն հունիսին պետք է պայմանավորվեն, թե երբ և որտեղ են հանդիպելու նոր բանակցություններ վարելու համար։

«Փոխզիջումը հնարավոր է միշտ: Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան կդադարեին զբաղվել այդ հարցով։ Մեր նպատակն է գործն ավարտելը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել՝ հակամարտությունը լիարժեք կարգավորելու նպատակով»,- նշել է նա:

«Հավանաբար, հաշվի առնելով կողմերի միջև ստեղծված բավական լարված իրավիճակը` մենք ստիպված կլինենք դա փուլ առ փուլ անել: Կարգավորման առաջին փուլի պարամետրերի համաձայնեցումը կա: Դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդության շրջանակում, որոնք գործել են համանախագահների ընդհանուր մոտեցման շրջանակում ու որոնք արժանացել են մեր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հավանությանը»,- հավելել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Տեսանյութեր

Լրահոս