«Անկախ նրանից՝ ռազմական գործողություններ են եղել, թե ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան». Սերժ Սարգսյան
Պետական միջոցները խնայողաբար ծախսելը կենսական անհրաժեշտություն է: Այս մասին ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բայց ո՞վ է ասում, որ մենք նախկինում այդ ցանկությունը չենք ունեցել կամ դրա դեմ չենք պայքարել: Իհարկե, պետք է դա անել: Մեզանից յուրաքանչյուրը՝ լինի գործադիր, օրենսդիր օղակը, թե դատական իշխանությունը, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին, և մեկ անգամ չէ, որ մենք դրա մասին խոսել ենք: Պարտադիր չէր, որպեսզի այդ 4 օրը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին:
Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել: Վստահ եք, որ չէի կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու: Խոսել եմ փոփոխությունների մասին, բայց մինչ խոսելը, երբ մենք սահմանադրական բարեփոխումներ էինք նախաձեռնում, դա նշանակում է փոփոխությունների սկիզբ:
Փետրվարը հաջորդ փուլն էր, և անկախ նրանից՝ ռազմական գործողություններ են եղել, թե ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան: Ես հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ մենք պիտի հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնի:
Ինչպես տեսնում եք, փոփոխություններ տնտեսության մեջ, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից՝ ռազմական գործողություններ: Արդյոք դրանք համատեղելի՞ են: Միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղղել նրանց դանդաղկոտության համար կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը սա է»,- ասել է նա: