«Քառօրյա պատերազմը դարձավ այն դետոնատորը, որը ազգի քոքի առողջությունը սկսեց բարձրացնել վերև»
Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը
– Պարոն Մեսրոբյան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ՀՀ-ին տրամադրված 15 մլն եվրոն չի փոխանցվի, եթե կառավարությունը չապահովի կոնկրետ արդյունքներ: Փաստորեն, մինչ ՀՀ իշխանավորները պնդում են, թե հաջողությամբ պայքարում են կոռուպցիայի դեմ, ԵՄ պատվիրակությունը դա չի՞ տեսնում:
– Նախ` ոչ մի արտաքին ուժերի պետք չէ, որ Հայաստանը լինի մաքուր, հզոր պետություն, հետևապես` ինչ «աջակցություն» տարբեր հարցերում մենք ստանում ենք, դա թատերական ներկայացում է, որովհետև իրենք ունեն ծրագրեր, որոնք պետք է ֆորմալ իրականացնել: Եվ երկրորդ` երբ գերտերությունները փողեր են տալիս, մի շարք պայմաններ են դնում: Օրինակ` մոտ 2 տարի առաջ հայտարարվեց, որ 30 մլն է տրամադրվում Հայաստանին` գենդեր-մենդեր հարցերն օրինական դաշտ բերելու համար, ընտանեկան բռնություն, և այլն: ՀՀ-ն պետք է հրաժարվի ֆինանսական այդ «աջակցությունից», որը, որպես կանոն, ուղղորդվում է մի շարք անընդունելի պայմաններով, լինի դա բարոյական, ազգային թե ֆինանսական կախվածության տակ դնելու իմաստով: Օրինակ` ՀՀ արտաքին պարտքի զգալի մասն Արևմուտքից է, որպես կանոն՝ ԱՄՀ-ից, ՀԲ-ից, և այլն: Այդ միլիոնավոր դոլարները երկիրն ավելի շատ կախվածության տակ դնելու միջոցներ են: Ներքին շրջանակներում տերմին կա` «կախման տակ գցող վարկեր»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, նախ` քանի որ մեզ մոտ օլիգարխական կառավարման համակարգ է, այդ հնարավորությունն էլ ավտոմատ է փակվում, որովհետև, եթե կան օլիգարխներ, նրանք պետք է կանաչ ճանապարհ ունենան իրենց բիզնեսն առոք-փառոք անելու, այստեղից էլ և՝ կոռուպցիան է, և այլն: Այսինքն` պատճառը բիզնեսի սերտաճումն է պետական կառավարման համակարգի հետ, իսկ կոռուպցիան հետևանք է: Դա չի նշանակում, որ, եթե օլիգարխիկ համակարգ չկա, կոռուպցիան նվազում է, բայց զգալիորեն իջնում է:
– Հնարավոր չե՞ք համարում, որ ապրիլյան իրադարձություններից հետո իշխանությունն իսկապես «դարձի է եկել» և պատրաստ է փոփոխությունների:
– Մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը ոմանք ասում էին, որ մենք քնած ենք, անգամ հիմարներ կային, որ ասում էին` ստրուկ ենք, էս ենք, էն ենք, բայց իրականության մեջ մեր ազգի քոքը շատ առողջ է, պարզապես այդ քառօրյա պատերազմը դարձավ այն դետոնատորը, որն ազգի քոքի առողջությունը սկսեց բարձրացնել վերև: Ազգի ներքին դրայվը սկսեց դուրս գալ, և մի քանի ուղղությամբ զգացվում է, որ ազգը լինելու է անհանդուրժող:
Այդ անհանդուրժողականությունը տարածվում է բոլոր տեսակի թալանչիների, գրանտալափերի, այսինքն` բոլոր նրանց վրա, որոնց համար Աստվածը փողն է, և որոնց պատճառով թուլանում է Հայաստանը թե´ դրսից, թե´ ներսից, թե´ սահմանին: Զուգահեռ՝ ուժեղանում է այն միտումը, որ ոչ մի թիզ հող՝ ոչ մի պայմանով: Դա՝ այն դեպքում, երբ չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունները, որ ուղղակի խայտառակություն էր, որ թվում էր, թե ազգն ընդունում է, բայց իրականում ներքուստ այդ եռուզեռը գնում էր: Բնականաբար, թե´ իշխանությունները, թե´ բոլորը զգում են, որ բարոյահոգեբանական վիճակը կտրուկ փոխվել է, և այդ առողջ անհանդուրժողականությունն աճում է:
Ոչ մի բան անվերջ չի կարող լինել, եթե այդ դժգոհությունն աճում է, բնական է, պետք է մի օր պոռթկա, բնական է, որ նման տեսակի գործունեություն անողներն էլ են վախեցած, բոլորը սկսում են զգուշանալ, որովհետև խաղ ու պար չի: Եթե դրան էլ գումարենք, որ ամեն օր սպասվում է պատերազմական վիճակի սրացում, ամեն օր էլ 1-2 զոհ ենք տալիս, բնական է, որ այդ ամբողջ լարված վիճակը գնում է դեպի պայթյուն: Եթե իշխանության մոտ իրականության մեջ գոնե իմաստնության ինչ-որ մի հատված մնացել է, ուզած-չուզած՝ պետք է գնա կոնկրետ կտրուկ քայլերի: Եթե փորձեն սվաղել, ձգձգել, ես զգուշացրեցի, մնացածն ուրիշների գործն է:
Երրորդ հարցը, որ ազգին նույնպես լարում է, դա, այսպես կոչված, գենդեր-մենդերն է, որի ռեֆորմ է արվում, երբ տեղի են ունենում զոհեր, նաև քանակի խնդիր ունի ազգը, նման մոտեցումներն արդեն բավականին խորքային վտանգ են ներկայացնում ազգի համար՝ ներքին և արտաքին անվտանգության տեսակետից: Այդ թիրախների տերեր կան, հետո չասեն, թե չեմ զգուշացրել: