Բաժիններ՝

«Հայաստանում ամուսնալուծությունների թվով առաջատար է համարվում Լոռու մարզը»

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Արման Սարգսյանն այսօր Ընտանիքի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին ՀՀ-ում ամուսնալուծությունների և դրանց հնարավոր պատճառների վերաբերյալ` «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» կատարած հետազոտության արդյունքների ու խնդիրների մասին՝ հայտնելով միջազգային ու տարածաշրջանային տվյալներ:

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համեմատական տվյալներով՝ ամուսնությունների և ամուսնալուծությունների տեսակետից ամենաքիչ բարվոք վիճակում Վրաստանն է, որտեղ 2006-15 թթ. մոտավոր հաշվարկներով՝ 4 անգամ աճել է ամուսնալուծությունների թիվը. «Հայաստանն այս առումով բավականին կայուն վիճակում է, չնայած նկատվում է ամուսնալուծությունների թվի որոշակի աճ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, ապա այնտեղ ևս ամուսնալուծությունների թիվը շատ չէ, թեև դանդաղ աճ նկատվում է նաև այդ երկրներում»:

Հայաստանի Հանրապետությունում ամուսնալծությունների և դրանց հնարավոր պատճառների հետազոտության վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված արդյունքների համաձայն՝ ամուսնալուծությունների հիմնական դրույթներն են համարվում՝ 60.1 %-ը բացակայող բարձրագույն կրթությունը: Միջին մասնագիտական կրթություն ունեն նրանց 14.9 %-ը և բարձրագույն կամ հետբուհական կրթություն՝ միայն 24.9 %-ը:

Ըստ վիճակագրության հրապարակած տվյալների՝ աշխատում է ամուսնալուծված կանանց 23.0 %-ը, տղամարդկանց՝ 24.5 %-ը: Ամուսնալուծվածների ճնշող մեծամասնության դեպքում սա առաջին ամուսնալուծությունն է՝ տղամարդկանց՝ 93.4 %-ը, և կանանց՝ 95.6 %-ը: Ամուսնալուծվածները հիմնականում ունեն 1 կամ 2 երեխա: Երեք երեխա ունեցողների տեսակարար կշիռը կազմում է 14.3 %: Ամուսնալուծված զույգերի միայն 0.5%-ն ունեն ամուսնական պայմանագիր: Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում աճել է ամուսնության միջին տարիքը՝ հատելով 30-ի շեմը:

Կարդացեք նաև

Արման Սարգսյանը նշում է, որ կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների թվով առաջատար է համարվում Լոռու մարզը. «Դինամիկայի առումով ՀՀ վերջին չորս տարիների ընթացքում ամուսնությունների և ամուսնալուծությունների տեսակարար կշիռը ամուսնալուծությունների հաշվին աճում է, այն դեպքում, երբ ամուսնությունների թիվը նույն դինամիկայով աճ չի արձանագրում, և սա, իհարկե, բացասական երևույթ է: Որպես դրական հակակշիռ՝ գործոն տարածաշրջանի երկրների հետ համեմատության մեջ մեր ցուցանիշը լավ դիրքերում է: Ամուսնալուծությունների հիմնական պատճառները և´ տեսականորեն, և´ պրակտիկորեն հանդիսանում են սոցիալական բնույթի խնդիրները՝ զբաղվածության խնդիրը, արտագնա աշխատանքի գործոնը, և այլն»:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2015 թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1000 ամուսնության դեպքերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 208 դեպք՝ 2014 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 238-ի համեմատ (2013-ին՝ 205 դեպք):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս