«Ուզում եմ, որ դու հորս ու մորս հետ ապրես մի անվտանգ տեղ, որովհետև ես գիտեմ, որ Թալիշի վրա ռումբ է ընկնելու, ես մնալու եմ այնտեղ». ասել էր զոհված Մերուժան Ստեփանյանը
Արցախում զոհված զինծառայող Մերուժան Ստեփանյանը (ծնվել է 1993թ.) ծառայել է Թալիշում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Մերուժանը ծառայության էր անցել Արցախում: Ապրիլի 2-ին Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն, ժամը 5-ի սահմաններում, զանգել է որդուն: Նա մորը հորդորել է իրեն լավ նայել՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, որ էլ չզանգի: Հետո մայրը որդուն հաղորդագրություններ է գրել, բայց բոլորն անպատասխան են մնացել:
Մերուժանը ծնվել է, մեծացել Գյումրիում: Հայրը ևս զինվորական է, իսկ մայրը երկար տարիներ աշխատել է դպրոցում:
«Չգիտեի, որ այդ պահին արդեն իմ տղան ընկել էր հերոսի մահով»
Մերուժանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը, ասում է՝ դեռ մանուկ հասակից որդուն հարմար առիթների դեպքում տարել է զորամաս, որդին շփվել է զինվորականների հետ, որոնցից շատերի հետ մտերմացել է, սիրել զինվորական գործը, որոշել զինվորական դառնալ. «Ընթացքում. որպես ծնող՝ բազմաթիվ անգամներ զրուցելով նրա հետ. հարցնում էի՝ արդյոք ճի՞շտ ընտրություն է կատարում, արդյոք պատրա՞ստ է ամեն ինչի՝ տեսնելով իմ ծառայությունը, իմ աշխատանքի բնույթը: Հարցնում էի՝ արդյոք պատրա՞ստ է մինչև վերջ ծառայել: Վստահորեն պատասխանում էր, որ համոզված է: Այդպես որոշեց ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ»:
Հոր խոսքով՝ Մերուժանը հաջողությամբ ընդունվել է ինստիտուտ, սովորել՝ այդ տարիների ընթացքում ձեռք բերելով ոչ միայն՝ համակուրսեցիների, այլև՝ պրոֆեսորադասախոսական կազմի սերն ու հարգանքը. «Մինչև այժմ նրանք Մերուժանին հիշում են ամենալավ խոսքերով, դրվատանքներով: Հիշում ու ափսոսում են, որ այդպիսի հրաշք երիտասարդն այժմ մեր կողքին չէ, բայց միաժամանակ հպարտանում են, որ նա նույնիսկ մարտի դաշտում իրեն դրսևորել է լավագույն ձևով, ինչպես ծառայության ընթացքում, ուսման տարիներին»:
Մերուժանի հոր խոսքով՝ վերջերս ռազմական ինստիտուտ է այցելել հրամանատարական սպաներից մեկը և իր բացակայության ժամանակ կոլեգաներին պատմել տղայի քաջագործությունների մասին՝ «առավել թարմացնելով և խորացնելով մեր վիշտը՝ չնայած ինչ-որ տեղ հպարտության զգացում կա, որ իրեն դրսևորել է՝ որպես իսկական տղամարդ, հայրենիքի, ծնողների, իր հարազատների պաշտպան». «Դրսևորել է՝ որպես իրական զինվորական, սակայն մեծ ցավ եմ ապրում նրա ֆիզիկական բացակայության համար»: Խոսելով որդու քաջագործությունների մասին՝ հայրն ասում է. «Իր զինվորներից մեկի պատմելով՝ նա ինքնաձիգից դիպուկ կրակոցներով վերացրել է մինչև 25 ազերի զավթիչների, սակայն, ցավոք, վերջում, ինքն է զոհ դարձել, բայց չգիտեմ՝ ինչ հանգամանքներում, չեմ էլ ուզում իմանալ»:
Արթուր Ստեփանյանի խոսքով՝ ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո որդին՝ Մերուժանը, ծառայության է անցել Թալիշում՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար: Երկու տարի ծառայելուց հետո փոխել է ծառայության բնույթն ու դարձել հետախուզական դասակի հրամանատար, ինչից հետո միայն իր ծառայության բնույթի փոփոխման մասին տեղեկացրել է ընտանիքին: «Ճիշտ է՝ մի փոքր նեղվեցի, որպես ծնող՝ մի փոքր բարկացա, բայց մտածեցի՝ միգուցե իր որոշումն է ամենաճիշտը: Չցանկացա ինչ-որ ձևով խոչընդոտել կամ հուսահատեցնել իրեն: Համենայն դեպս, նա ինքն էր ընտրել իր ծառայության ոլորտը: Շարունակելով ծառայությունը՝ որպես հետախուզական դասակի հրամանատար, բազմաթիվ բարդությունների, դժվարությունների առջև կանգնեց: Առհասարակ ոչ մի տեղեկատվություն չէր տալիս, ծառայության հետ կապված չէր խոսում: Պարզապես մենք էինք զգում, որ մի փոքր ծանր է: Անընդհատ լարված վիճակ էր: Հասկանում ենք, որ առաջնային գծի ծառայությունը, բնական է, պետք է դժվար, ծանր լինի: Բայց որպես ծնող՝ տրտնջում էինք մեր տղայի ծառայության դժվարության համար, իսկ ինքը երբևէ չտրտնջաց, երբևէ չբողոքեց, իրեն պահեց՝ որպես իրական տղամարդ, այնպիսին, ինչպիսին միշտ եղել էր»:
Մերուժանի հայրը հիշում է՝ վերջին անգամ որդու հետ խոսել է ապրիլի 2-ին՝առավոտյան 9:30-ին. տրամադրությունը սովորական էր, խուճապի զգացում չի նկատել. «Ուրախ էր՝ ինչպես միշտ՝ ժպտալով, ծիծաղելով: Ոչինչ կասկածի տեղիք չտվեց: Հետո տեղեկացա, որ ժամը 5-ի սահմաններում խոսել է մոր հետ, մեր հարսի հետ: Ինչ-որ տեղ սիրտս հանգիստ էր: Սակայն այդ երեկո արդեն ինչ-որ զգացում կար, խուճապի զգացում կար ինձ մոտ, տագնապ կար: Անհանգիստ էինք: Չգիտեմ՝ ինչն էր անհանգստության պատճառը: Ապրիլի 2-ը շաբաթ էր, 3-ը՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օր: Սակայն ես անհամբերությամբ գնացի ռազմական ինստիտուտ:
Մեր ծառայակիցներից շատերն այնտեղ էին: Շփվեցինք, զրուցեցինք, բոլորի մոտ անհանգստության զգացումը կար, քանի որ սահմանին հանգիստ չէր, լարվածություն կար: Շատ ծանոթներ, մտերիմներ, կային, որոնք ծառայում էին մարտական գործողությունների շրջաններում: Փորձում էինք տեղեկություններ իմանալ: Եթե հիշում եք, մոտավորապես 3:00-3:30-ի սահմաններում իմացանք, որ ադրբեջանցիները կրակի դադարեցման հրաման են տվել իրենց կողմից, բայց հետո պարզվեց, որ դա կեղծիք էր, չէր համապատասխանում իրականությանը:
Ինչ-որ պահ ուրախության զգացում եղավ ոչ միայն՝ իմ տղայի, այլև՝ բոլորի համար, որ վերջապես դադարեց, ոչ ոք չի տուժի: Չգիտեի, որ այդ պահին արդեն իմ տղան ընկել էր հերոսի մահով: Այդ ժամանակ չէի պատկերացնում, թե ինչ ճակատագիր էր ինձ սպասվում դրանից հետո: Այդ բոթը ես իմացա երեկոյան շատ ավելի ուշ՝ նրա աներոջից, սակայն մորը ցույց չէի տալիս, զգացնել չէի տալիս, չէի ասում, որ մեր տղան այլևս կենդանի չէ: Մի կերպ ձգեցի մինչև հաջորդ օրը: Մի կերպ, մի կերպ դիմացա… Չգիտեմ՝ ինչ քար սիրտ էր, որ դիմացա, միչև հաջորդ օրը մեր շատ հարազատներ լրատվական միջոցներից տեղեկացան, որ Մերուժան Ստեփանյանը չկա»:
Մերուժանը շատ էր սիրում Թալիշը: «Երբ գալիս էր արձակուրդ՝ հանգստանալու, մի քանի օրից ասում էր՝ ե՞րբ եմ գնալու Թալիշս: Վերջում չէր մոռանում «ս» տառն ավելացնել: Թալիշն իր հարազատ օջախն էր դարձել: Շատ էր սիրում Թալիշը: Նա ինչ-որ տեղ զգացնել էր տվել, որ տեղյակ է՝ ինչ է կատարվելու իր հետ: Բայց մենք լուրջ չէինք ընդունել: Այդ մասին նա մեր հարսին էր ասել: Ասել էր՝ ուզում եմ, որ դու հորս ու մորս հետ ապրես մի անվտանգ տեղ, որովհետև ես գիտեմ, որ Թալիշի վրա ռումբ է ընկնելու, ես մնալու եմ այնտեղ: Նա կանխազգացել էր ինչ-որ տեղ, բայց մենք լուրջ չէինք ընդունել»,- ասում է Մերուժանի հայրը:
«Մա՛մ, ասա՛, թող ինձ զինվորականի դեր տան»
Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն, պատմելով որդու մասին, ասում է՝ դեռ մանուկ հասակից աշխույժ, ժպտերես, կատակասեր տղա էր: 6 տարեկանից գնացել է դպրոց. փոքրամարմին է եղել: Տիկին Նունեն նույն դպրոցում դասավանդել է երկար տարիներ:
«Բոլոր միջոցառումների ժամանակ ասում էր՝ մա՛մ, ասա, թող ինձ զինվորականի դեր տան: Նույնիսկ այբբենարանի հանդեսի ժամանակ ինքը զինվորականի դեր կատարեց՝ փոքր համազգեստով: Բոլորը ծիծաղում էին, բայց ինքը շատ ուրախ էր: Դասարանում էլ բոլորը սիրում էին նրան: Ճիշտ է՝ մեծամասամբ աղջիկներ էին, ընդամենը 5 տղա էր դասարանում: Աղջիկները տեղ էին տալիս նրան, ու ասում էին՝ ընկե՛ր Թադևոսյան, ինքը մեր ընկերն է, մեր եղբայրը, կարող ենք ամեն հարցով դիմել իրեն: Ուսուցիչներն էլ շատ էին սիրում: Շատ համեստ էր: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր:
Բոլորի կողմից հարգանք էր վայելում: Ուսուցիչների հետ կատակներ էր անում: Պատմության ուսուցիչը միշտ բողոքում էր, թե Մերուժանը աղջիկների հետ զրուցում է, դասը խանգարում: Մի օր էլ եկա, զայրացած պատմեցի, հայրը խփեց: Ասացի՝ մի՛ խփիր: Մյուս օրը գնաց դպրոց, ուսուցիչը նորից եկավ, ասաց՝ ընկե՛ր Թադևոյան, Մերուժանը… Հումորի զգացումն ինձ մոտ էլ կար: Ասացի՝ ընկե՛ր Ասատրյան, ես Մերուժանի պապայից բաժանվել եմ, եթե բողոքներ ունեք, զանգե՛ք, իր պապային ասե՛ք, երեխաները մնացել են նրա հետ: Ինքն էլ ոչինչ չասաց: Ներողություն խնդրեց ու դուրս եկավ: Աղջիկները ծիծաղեցին, թե այդ բանը միայն իմ մտքով կարող էր անցնել: Երբ դասամիջոցներին ինձ տեսնում էր, ասում էր՝ մա՛մ, հիմա մե՞զ հետ պիտի ապրես, թե՞ մենք պապայի հետ պիտի ապրենք: Ասում էի՝ գի՛ժ, հեռո՛ւ մնա, խելո՛ք մնա: Դպրոցն ավարտեց: Դասարանի երեխաների հետ կապը կար, ամեն օր գալիս էին, հատկապես՝ տղաները: Միշտ մեր տանն էին, մինչև իր ընդունվելը, երբ ինքն անցավ ինստիտուտի ռեժիմով սովորելուն»:
Դպրոցում տիկին Նունեն որդուն գծագրություն էր դասավանդել: «Միշտ ծիծաղում էր, ասում էր՝ մա՛մ, քեզ ո՞նց եմ դիմելու: Ասում էի՝ ինչպես մյուս աշակերտները՝ ընկեր Թադևոսյան: Դասի ժամանակ ասում էր՝ ընկե՛ր Թադևոսյան, ու ծիծաղում: Աղջիկներն էլ էին ծիծաղում, թե ինչու է մորն այդպես դիմում: Ասում էի՝ դպրոցում ես իր մայրը չեմ, դպրոցում ես ուսուցիչ եմ, բոլորի նման»:
2009թ. Մերուժանն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, գոհ է եղել, հարմարվել ռեժիմին, չէր տրտնջում, պարզապես կարոտն էր խեղդում: «Ինքը ոչ մի անգամ միայնակ չի մնացել: Ոչ մեկի տանը չի մնացել: Երբ ասում էի՝ մնա՛ տատիկենց կամ քեռիենց տանը, ասում էր՝ մա՛մ, ամեն մարդ իր տանը պիտի գիշերի: Պարզապես կարոտից էր մի փոքր տրտնջում: Հետո, երբ դա էլ անցավ, ասում էր՝ մա՛մ, փոքր եմ եղել: Ընդամենը 16 տարեկան էր, երբ անցավ այդ ռեժիմին: Այդ ամենը ծիծաղով էր հիշում: Ավարտելու ժամանակ, երբ իմացա՝ վիճակահանությամբ Թալիշ գյուղն էր ընկել, ասացի՝ բա՛լ, ձեռքդ ուռեր, չմտցնեիր, այդ թուղթը չհանեիր: Ասաց՝ մա՛մ, մյուս ձեռքով կհանեի, ես գնալու եմ այնտեղ: Գնաց: Ամեն անգամ, երբ խոսում էինք, շատ գոհ էր, շատ ուրախ էր՝ մա՛մ, շատ լավ է:
Միշտ մտավախություն կար, որովհետև տարիքով ինքն ու զինվորները հավասար էին: Ինքն ընդամենը 20 տարեկան էր: Մտածում էի՝ հնարավոր է՝ իրեն այնպես չդրսևորի, ինչպես տարիքով մեծը: Ծանոթներ կային այնտեղ: Իմ աշակերտը մոտ 2 տարվա տարբերությամբ նորից նույն տեղում էր անցել աշխատանքի: Դժբախտաբար, նա էլ զոհվեց մարտում: Իրենից միշտ հարցնում էի: Ասում էր՝ ընկե՛ր Թադևոսյան, ինքն իրեն շատ լավ է դրսևորել, տղաները սիրում են՝ որպես ընկեր, որպես հրամանատար, որպես ծնող: Շատ լավ խորհրդատու էր: Այդ տարիքում շատ լավ խորհուրդներ էր տալիս:
Երբ մի փոքր նեղվում էի, զանգում էի, հետը խոսում, կիսվում բոլոր հարցերով՝ թե կենցաղային, թե ընտանեկան: Մեծի նման խորհուրդներ էր տալիս, ասում՝ մա՛մ, հանգստացի՛ր, նորից կզանգեմ: Անցնում էր որոշակի ժամանակ, նորից զանգում էր՝ մա՛մ ո՞նց ես: Ասում էի՝ լավ, բալե՛ս: Ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ կլինի, էլ չմտածես, ու ծիծաղելով ասում էր՝ դե հիմա, Նունի՛կ ջան, թռվռալով համարիս փող ուղարկի, որ զանգեմ, այն երեխի հետ էլ խոսեմ: Միշտ ուրախ. ոչ մի անգամ տխուր չի եղել, ոչ մի անգամ դժգոհություն չի հայտնել: Բայց շատ էր շտապում: Ամեն հարցում շտապում էր, ամեն հարցում»:
«Ամեն հարցում շտապում էր: Երևի ինչ-որ բան իր մտքով անցել էր, որ չի հասցնելու»
Տիկին Նունեի խոսքով՝ Մերուժանի ընտրյալը Շուշի քաղաքից է. «Երբ իմացա՝ սիրած աղջիկ ունի, ասացի՝ բալե՛ս, բա որ ինձ Ղարաբաղի լեզվով մի վատ բան ասի, ես էլ այդ լեզուն չեմ հասկանում, ես էլ իրեն ստիպված պիտի պատասխանեմ՝ հա՛, բալե՛ս, շատ ապրես, ճիշտ ես: Ծիծաղեց, ասաց, մա՛մ, մի՛ մտածիր, ինքն այդպիսի աղջիկ չէ, մեր Երևանի լեզվով է խոսում, բայց ես քեզ կսովորեցնեմ իրենց բարբառը: Ինքը շատ լավ էր խոսում: Երբ ասում էի՝ փոխի՛, խոսքդ հայերեն դարձրո՛ւ, ասում էր՝ դրա համար պետք է սեղմես 1: Միշտ կատակ էր անում»:
2015թ. դեկտեմբերին Մերուժանը նշանադրվել էր. «Ահավոր ձյուն էր: Ասացի՝ բալե՛ս, դու սինիներից մեկը վերցրո՛ւ, գնա՛, մենք ետևիցդ կգանք: Ասաց՝ դուք ինձ հետ գործ չունեք: Ծաղիկները վերցրեց, մեկ էլ տեսանք՝ այդ խորը ձյունը հաղթահարելով՝ արդեն տանն էր: Մենք երկար ճանապարհ գնացինք ոտքով: Հասանք, ասաց՝ մա՛մ, ո՞ւր էիք, ես այստեղ արդեն ահագին գործ եմ արել՝ նկարվել եմ, ծանոթացել եմ հարազատների հետ»: Սուրբ Զատիկի օրը Մերուժանը տանն է եղել.
«Շատ ուրախ էինք, շատ երջանիկ էինք, չորսով մի մեծ ընտանիք էինք: Երազում էինք՝ ամեն ինչ լավ անցներ, հարսանիքի մասին էինք մտածում: Որոշումներ էինք կայացնում, որ ամռանը պիտի հարսանիք անենք: Ասում էր՝ մա՛մ, ռեստորանում ավանդական բաներ չեն ուզում: Բաց տարածություն՝ ծաղիկներով, կանաչով… ուզում եմ իմ հարսանիքին այդ ձևով լինի: Ասում էի՝ ինչպես ուզես, բալե՛ս, բայց պիտի գտնենք այդ բաց տարածությունը: Շատ նպատակներ ունեինք, շատ երազանքներ: Ասում էր՝ իմացի՛ր, երեխեքիս պիտի պահես՝ Նունիկին ու Արթուրիկին: Ասում էի՝ բալե՛ս, մի՛ շտապիր, թե չէ բոլորն աղջիկ կլինեն: Ասում էր՝ թող աղջիկ լինեն, առողջ լինեն: Ամեն հարցում շտապում էր, ամեն հարցում: Երևի ինչ-որ բան իր մտքով անցել էր, որ չի հասցնելու…» :
«Բայց Աստված ինձնից երես թեքեց…»
Ապրիլի 2-ի առավոտյան տիկին Նունեն խոսել էր Մերուժանի հետ: «Ամուսինս զանգեց, ասաց՝ մտի՛ր, նայի՛ր, լուրեր են տարածվել, որ Թալիշում կրակոցներ, դեպքեր են եղել: Մտա, կարդացի ու անմիջապես զանգեցի: Առավոտ էր: Պատասխանեց բարձր տրամադրությամբ: Հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է եղել, դու երբեք այս ժամին չէիր զանգել: Ասացի՝ դո՛ւ ասա՝ ի՞նչ է եղել: Հարցրեց՝ հա՞րսդ է ինչ-որ բան պատմել: Ասացի՝ հարսի հետ դեռ չեմ խոսել, Ֆեյսբուքում եմ կարդացել: Ասաց՝ բա՛րձր կարդա: Բարձր կարդացի, ասաց՝ մա՛մ, ամեն գրածի մի՛ հավատա, այստեղ ամեն ինչ նորմալ է, բան չկա, թեթևակի՝ ամեն օրվա նման: Հարցրի՝ ո՞նց ես, ասաց՝ շատ լավ, պատրաստվում եմ քնել, հանգստանալ, հետո կզանգեմ: Ես հավատացի իրեն, ասացի՝ կհանգստանաս, ես էլ չեմ զանգի, դու անպայման կզանգես: Ասաց՝ հա՛, մա՛մ, կզանգեմ, բայց մի բան եմ ուզում ասել, խնդրում եմ՝ գնա՛ եկեղեցի անպայման ու մոմ վառի՛ մեզ համար՝ իմ ու իմ տղերքի համար: Ասացի՝ հենց հիմա կգնամ, բալե՛ս: Ասաց՝ մա՛մ, չուշացնես: Անմիջապես կախեց, բայց ծիծաղում էր, շատ ուրախ էր»: Տիկին Նունեն անմիջապես գնացել էր եկեղեցի, Աստծուն խնդրել՝ հասնել «իմ երեխեքին, իմ բալին»:
Ժամը 5-ի սահմաններում, երբ ավելի շատ լուրեր էին տարածվել, տիկին Նունեն նորից զանգել է որդուն, զգացել է, որ «խառն է». «Ասաց՝ մա՛մ, մի՛ զանգի: Ասացի՝ բալե՛ս, ձայնդ լսեմ, իմանամ, որ դու անփորձանք ես, էլ չեմ զանգի: Ասաց՝ մա՛մ, դու քեզ լա՛վ նայիր, ամեն ինչ լավ կլինի, էլ չզանգես: Ասացի՝ կզանգես անպայման: Ասաց՝ կտեսնեմ: Ու էլ չզանգեց: Ես իրեն sms-ներ գրեցի, բայց բոլորն անպատասխան մնացին: Այդ օրը՝ ապրիլի 2-ի, լույս 3-ի գիշերը, չէի կարողանում քնել. տանը պտտվում էի, չէի հասկանում՝ ինչ էր կատարվում ինձ հետ: Անընդհատ լուրերն էի կարդում: Իրեն էի զանգում, անհասանելի էր, օդը չէր հերիքում: Պատուհանի դիմաց կանգնած՝ Աստված էի կանչում, թե՝ բալես վտանգավոր տեղ է, Աստվա՛ծ, հասի՛ իմ երեխեքին, բայց Աստված ինձնից երես թեքեց: Երես թեքեց ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը: Իմ տղեն էլ չկար այդ ժամանակ: Բայց էլի չէի հավատում, որովհետև ոչ մի տեղ իր անունը չկար՝ ո՛չ զոհվածների, ո՛չ վիրավորների մեջ: Մենք կապ էինք պահպանում իրենց աշխատողների հետ՝ անձամբ իր մայորի և բուժքրոջ հետ: Հետո մի ընթացք մայորն անհասանելի դարձավ: Իսկ բուժքրոջն անընդհատ զանգում էի, ոչինչ չէր ասում: Երբ զանգեցի, վերցրեց, ասացի՝ կներեք, շատ եմ անհանգստացնում, բայց ես էլ եմ անհանգիստ, ինչ-որ բան եմ ուզում իմանալ իմ որդուց: Ասաց՝ միայն մի բան գիտեմ, որ Դուք հերոսի մայր եք, հպարտ եղեք, ձեր տղան հերոս է, ինքն իր երկու զինվորի հետ 25 թուրք է սպանել: Հարցրի՝ իսկ իմ տղայի հետ ի՞նչ է պատահել: Ասաց՝ ոչ մի բան չեմ կարող ասել, սպասեք ամենավատին: Այդ պահին արդեն չհասկացա՝ ինձ հետ ինչ կատարվեց: Մի պահ ուշքի եկա, զանգեցի եղբորս, ասացի՝ խնդրում եմ, մեքենայով արի՛, ինձ հասցրո՛ւ Ղարաբաղ, երեխիս հետ ինչ-որ բան կատարվել է: Հարցրեց՝ որտեղի՞ց գիտես, ասացի՝ քույրն է ասել: Ինքը զանգեց, բուժքույրն իրեն արդեն ամեն ինչ ասել էր: Եկավ, ասաց՝ լույսը բացվի, անպայման կգնանք, բայց ինքն ամեն ինչ գիտեր: Ամուսինս էլ գիտեր, բայց ես էլի չէի հավատում: Ամեն տեղ ման էի գալիս՝ վիրավորների մեջ, զոհվածների մեջ: Այդ սփոփանքն էր, որ անունը չկար ոչ մի տեղ: Ապրիլի 4-ին արդեն տղայիս բերեցին…»:
Տիկին Նունեի խոսքով՝ որդին զբաղվել է նաև կարատեով, լավ ձայն ուներ, բայց ոչ ոք չգիտեր այդ մասին: Երբ հորեղբոր որդու հարսանիքին առաջին անգամ երգել է, բոլորը զարմացել են. «Ասում էր՝ մա՛մ, մեկ էլ կերգեմ հարսանիքիս իմ Զառայի համար, որ ինքը պարի, բայց չհասավ այդ օրը: Ամեն ինչ կիսատ մնաց: Ինքը երգում էր «Կյանքս կտամ հայրենիքիս» երգը և դրանով էլ ինստիտուտում առաջին տեղն էր գրավել: Ու կյանքն էլ տվեց հայրենիքին…»:
Նրա խոսքով՝ Մերուժանի հղի քույրը եղբոր հուղարկավորության ժամանակ եղբորն ասել էր՝ չմտածես, Մերուժանը ծնվելու է: «Ես երբեք այս կյանքը չէի երազել: Երբեք: Ես ուրիշ կյանք էի երազում՝ ապրել իր հետ, որովհետև ինքն էր իմ կյանքի նպատակը, իմ կյանքի իմաստը, իմ ապրելու ուժը: Ես իրենից այն կողմ ոչ մի բան չէի տեսնում: Ամեն ինչ իրենով էի անում…»: