Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար. Խրամչիխին. news.am

Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար, news.am-ի փոխացմամբ՝ այս մասին գրում է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

«Կարելի է երկար եւ հետաքրքիր քննարկել, թե Մոսկվային ում հետ է շահավետ բարեկամություն անելը՝ Երեւանի՞, թե՞ Բաքվի։ Միգուցե պետք է անտեսել հայ-ադրբեջանական անհաշտելի հակամարտությունը եւ փորձել չեզոքությու՞ն պահպանել։ Սակայն ստացվել է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ պաշտպանում է Ռուսաստանին գրեթե բոլոր առանցքային հարցերում։ Ադրբեջանը հետխորհրդային տարածքում ոչ մի ռուսամետ կազմակերպության անդամ չէ եւ չի եղել, իր արտաքին քաղաքականությունը երբեք Մոսկվայի հետ չի համաձայնեցրել՝ առաջին հերթին ուղղորդվելով հարազատ Անկարայի կողմից»,- գրում է վերլուծաբանը։

Օրինակ, 2014թ. մարտին Ղրիմի կարեւորագույն  հարցով Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում պաշտպանեց Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը դեմ քվեարկեց։ Այսինքն՝ Երեւանը իրավաբանորեն եւ փաստացի Մոսկվայի դաշնակիցն է, իսկ Բաքուն՝ ոչ։ Թե որքանով է դա Մոսկվայի համար օբյեկտիվորեն լավ կամ վատ, հեղինակը պատրաստ չէ պատասխանել, սակայն փաստն արձանագրում է։ Եվս մեկ փաստ է, որ դաշնակցային պարտավորությունները պետք է կատարել։ Վերջին 8 տարում Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Սիրիայի օրինակներով Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը ուժեղ եւ հուսալի դաշնակից է, այնինչ ՆԱՏՕ-ն նույն օրինակներով ցույց է տվել, որ իր հետ ընկերությունը ինքնասպանության է հավասար։ Ղարաբաղյան հակամարտությանը ՆԱՏՕ-ն ներգրավված չէ, իսկ ահա Ռուսաստանն այստեղ ունեցավ իր առաջին լուրջ «ծրագրային խոտանը»։

«Վերջին տարիներին Ադրբեջանը հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից։ Ընդ որում, ամենից շատ զենք Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, ընդ որում զենքը, որը հարձակողական է, ակնհայտորեն նախատեսված չէ Բաքվում շքերթներ կազմակերպելու համար, այլ Ղարաբաղում հայկական ամրությունները կոտրելու համար։ Դա հասկանալու համար անգամ դիվանագետ կամ զինվորական լինել պետք չէ։ Այսպես՝ Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին պատերազմական զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ։ Առեւտրային տեսակետից դա շատ հաջող գործարք էր, սակայն քաղաքական տեսակետից, մեղմ ասած, կասկածելի։ Այդ առիթով Մոսկվայի փաստարկը, թե մենք չվաճառենք, ուրիշները կվաճառեն, կասկածելի է, եթե ավելի կոպիտ չասենք»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս