Ադրբեջանը բեմադրել է սպիտակ ֆոսֆորի մասին պատմությունը
Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր հայկական կողմը քիմիական զենք է կիրառել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթ են եւ նպատակ ունեն թաքցնելով սեփական զինուժի վայրագությունները` սլաքներն ուղղել Հայաստանի եւ հայկական զինված ուժերի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սպիտակ ֆոսֆորի հետ կապված հայտարարությունները, ռազմական կցորդներին առաջնագծում իբր քիմիական զենքի կիրառման ապացույցներ ներկայացնելը (ապացույցն, ի դեպ, ընդամենը հրետանային արկի պայթյունից առաջացած ձագարափոսն էր), ուղղակի պարզունակ բեմադրություն էր, որի նպատակը միայն հայկական կողմի հասցեին հերթական անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելն էր:
Ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերը որեւէ կերպ չեն ապացուցում, որ այդ ձագարափոսն առաջացել է հայկական կողմից արձակված արկից: Ապրիլյան օրերին ադրբեջանցի զինծառայողները ուղղակի «փայլեցին» նշանառությամբ և հեշտությամբ կարող էին ուղղակի վրիպել, ու հետո աղմուկ բարձրացնել հայերի դեմ: Բացի այդ, ադրբեջանցիները սպիտակ ֆոսֆորային բեմադրությունը կազմելիս մոռացել են մի շարք կարեւորագույն հարցերի մասին: Նախ, սպիտակ ֆոսֆորը քիմիական զենք չի, այն օգտագործվում է որպես հրկիզող միջոց` պայթուցիկ զինամթերքների բոցավառիչ, եւ կիրառվում է մեծ շինությունները, տեխնիկական կուտակումները հրկիզելու նպատակով: Սպիտակ ֆոսֆորը քիմիական զենքերի ցուցակում չի ներառված եւ բաց տարածքում չի կիրառվում: Դա սպառազինության մասին ցանկացած դասագրքում կարելի է գտնել: Անիմաստ է սպիտակ ֆոսֆորի կիրառումը ամայի տարածքում: Մինչդեռ, ադրբեջանցիներն արկը գտել են հենց բաց դաշտում, որտեղ չի եղել որևէ թիրախ: Հետեւաբար, սա բեմադրություն է:
Բացի այդ, Հայաստանը ստանձնել է միջազգային բազմաթիվ պարտավորություններ, համաձայն որոնց արգելվում է քիմիական զենքի ստեղծումը, օգտագործումն ու տարածումը: Լինելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող երկիր եւ սպառազինության մասով ունենալով բազմաթիվ պարտավորություններ, Հայաստանը լրջորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ նաեւ այդ ուղղությամբ եւ միջազգային բազմաթիվ կառույցներ ուսումնասիրություններ են կատարել: Հայաստանը ձեռք է բերում սպառազինություն բացառապես պաշտպանական նպատակով, ինչն ամրագրված է ՀՀ ռազմական դոկտրինով, հետեւաբար հայկական զինուժը չունի քիմիական (հարձակողական) զենք:
Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժին, ապա, ըստ «Արմենպրեսի»՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նռնականետային ծխային արկերի միջոցով քիմիական գրգռիչ խառնուրդներ է օգտագործել հայկական զինուժի դեմ: Այս միջոցը անձնակազմի մոտ ժամանակավորապես առաջացնում է տեսողական եւ շնչառական օրգանների գրգռում: Մեծ չափաբաժնի վարակի դեպքում այն առաջացնում է նաեւ սրտի եւ շնչառության կաթված: