«Պետք է որպես պատիժ՝ հայտարարենք, որ ճանաչում ենք Ղարաբաղը»
Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
– Պարոն Բագրատյան, Ձեր և Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Արցախի ճանաչման մասին» օրինագիծը բավականին բուռն արձագանք ունեցավ, եղան և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ, Ռուսաստանում այն անհանգստացրեց շատերին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն օրինագիծն անվանեց «անհաշվենկատ նախաձեռնություն»։ Ի՞նչ եք կարծում՝ այսօր պե՞տք է ընդունել օրինագիծն ու ճանաչել Արցախի անկախությունը, թե՞ դեռ պետք չէ։
– Օրինագիծը պետք է ընդունել, ամեն օրը մեզ հեռացնում է դրանից։ Ադրբեջանը մեզ լավ առիթ էր տվել այդ օրինագիծն ընդունելու, որովհետև ստորագրված էր և գործում էր հրադադար, իսկ Ադրբեջանն այն խախտեց, մենք էլ չտեսանք մի երկիր, որ դատապարտեր այդ խախտումը։ Եվ քանի որ խախտեց, անցավ հարձակման ու որևէ հաջողության չհասավ, իսկ հաջողության չհասնելը հավասարազոր է պարտության, և, տեսնելով, որ որևէ մի պետություն չդատապարտեց Ադրբեջանին, մենք պետք է որպես պատիժ՝ հայտարարենք, որ ճանաչում ենք Ղարաբաղը։ Սա կլինի շատ ճիշտ, խելացի որոշում։ Ի՞նչ են ասում մեր իշխանությունները։ Ասում են՝ այս անգամ չէ, մյուս անգամ։ Բայց եթե մյուս անգամ մտնի Ստեփանակե՞րտ, գա հասնի Երևա՞ն։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ «մյուս անգամ», ինչո՞ւ մյուս անգամ։
Ինչ վերաբերում է տարբեր մարդկանց գնահատականներին, ամեն մարդ իր գործն է անում։ Այն, ինչ որ հրապարակավ ասվում է, դա դեռ չի նշանակում, որ ինքն այդպես էլ մտածում է։
– Դեմ պնդողների մի հիմնավորումն էլ այն է, որ ճանաչումը կհանգեցնի լայնածավալ պատերազմի, և միջազգային հանրության սլաքներն արդեն կուղղվեն ոչ թե՝ Ադրբեջանի դեմ, այլ՝ Հայաստանի։
– Միջազգային հանրությունն այս անգամ էլ, չնայած հրադադարը խախտել էր Ադրբեջանը, սլաքներն ուղղեց մեր դեմ։ Այսպես, օրինակ, Իսլամական երկրների միությունը՝ 57 պետություն, դատապարտեցին մեզ, երբ մեզ վրա էին հարձակվել։ Չգտնվեց մի քրիստոնեական պետություն, որ մեզ պաշտպաներ, որ հայտարարեր, որ Ադրբեջանը սխալ է։ Նման ոչ մի գնահատական չեղավ։ Ավելին՝ քիչ էր, որ Ադրբեջանը հարձակվեց, Թուրքիան էլ հայտարարեց, թե Հայաստանը պետք է իր տեղն իմանա, թե չէ իրենք ցույց կտան մեր տեղը։ Եվ ոչ ոք Թուրքիայի դեմ հայտարարություն չարեց։
– Այսինքն՝ անկախ միջազգային արձագանքից, ամեն դեպքում գտնում եք, որ պե՞տք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պե՞տք չէ հետաձգել։
– Անպայման պետք է ընդունենք օրինագիծը և չի կարելի հետաձգել, որովհետև, եթե մեզ վրա հարձակվեն, կհարձակվեն՝ առանց մեզ նայելու։ Պարզապես այս անգամ պարտություն կրեցին, նրանց ժամանակ է պետք, որ ուշքի գան հաջորդ հարձակման համար։
– Իսկ ընդունման դեպքում ի՞նչ կհաջորդի դրան։
– Ոչինչ չի փոխվում, մենք նորից շարունակում ենք բանակցել։ Ընդունելով Ղարաբաղի անկախությունը՝ մենք ասում ենք, որ բանակցության վերջում առնվազն պետք է լինի անկախ Ղարաբաղի Հանրապետություն։ Ընդ որում՝ ընդունում ենք Ղարաբաղի սահմաններն այնպես, ինչպես ԼՂՀ այսօրվա Սահմանադրությունն է ամրագրել։
– Պարոն Բագրատյան, աղմկահարույց էր նաև Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու մասին Ձեր հայտարարությունը։ Կպարզաբանե՞ք՝ ինչ եք նկատի ունեցել։
– Ոչ մի բան էլ չեմ պարզաբանի։ Ասել եմ այն, ինչ ասել եմ։ Դա ճիշտ է, և ես չեմ ուզում կրկնվել։
– Ապրիլյան իրադարձություններից հետո իշխանությունները խոսում են փոփոխությունների անհրաժեշտության մասին, կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ թերությունները շտկելու ժամանակն է։ Ըստ Ձեզ՝ իրականում կա՞ արդյոք իրավիճակի փոփոխություն, և ի՞նչ կարող է այն տալ։
– Որքան ինձ հայտնի է՝ կառավարությունը չունի գործողության ծրագիր։
– Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հ.Աբրահամյանը գործարարներին էր հրահանգել դուրս գալ ստվերից, ստեղծվել էր վարչապետների ակումբ, իսկ հիմա էլ Հ.Աբրահամյանը հորդորում է բոլորին՝ առաջարկություններ ներկայացնել անհրաժեշտ փոփոխությունների մասին և դրանք ուղարկել Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային հասցեին։ Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ կարելի է ակնկալել այս նախաձեռնությունից։
– Ի՞նչ պետք է ակնկալենք։ Եթե սպասում են առաջարկների, ապա որպես պատգամավոր՝ այդ առաջարկները ես բացահայտ եմ անում, կարող են իրականացնել։ Թեկուզ Facebook սոցիալական ցանցում իմ նախավերջին գրառումը։ Նշեմ կոնկրետ օրինակ՝ մաքսատանն ապրանքները պետք է մաքսազերծեն՝ ըստ ինվոյսային գների, և ոչ թե՝ մաքսային ծառայողը որոշի գինը, այսինքն՝ հսկիչ գներ չպետք է կիրառել։ Ինչ վերաբերում է վարչապետների ակումբին՝ երբ մեզ հրավիրում են, մենք գնում ենք։ Բայց վարչապետների ակումբ միայն մեկ անգամ եմ հրավիրվել։ Եվ, չնայած ընդդիմադիր ենք, բայց երբ հարցնում են՝ ի՞նչ անել, մեր կարծիքն ասում ենք։ Հատկապես վերջին իրադարձությունները ցույց տվեցին մեր իրավացիությունը՝ կուտակայինը հետաձգեցին և մեկ տարի հետո էլի են հետաձգելու։
Բայց հետաձգելը քիչ է, պետք է պատասխանատվության ենթարկել Տիգրան Սարգսյանին, Վաչե Գաբրիելյանին և Ներսես Երիցյանին, որ այստեղ լոբբինգ էին անում, թե դա լավագույնն է։ Իսկ հետաձգեցին, որովհետև այստեղ փող չկա, եղածն էլ արտասահման տանելու ժամանակը չէ հիմա։ Ինչ ասում ենք՝ ճիշտ էլ լինում է։ Նույնը վերաբերում է եկամտային հարկի մասով օրենքի փոփոխություններին, արտահանման արտոնություն տալուն (սա Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք է եղել)։ Եվ վերջապես, կան տնտեսական հարցեր։ Մենք ամենազոր չենք, բայց երբ մի բան ասում ենք, ասում ենք՝ բավականին լուրջ հիմքերից ելնելով։
– Այժմ որոշել են մենաշնորհների դեմ պայքարել։
– 20 տարի է՝ դա են ասում, 20 տարի էլ կասեն, մինչև իրենց ժամանակը կանցնի։ Մենաշնորհի դեմ պայքար նշանակում է՝ բերել օրենք, հակամենաշնորհային օրենսդրության մեջ փոփոխություն մտցնել և մենաշնորհից բռնագանձել հավելյալ շահույթի 50-95%-ը։ Սա գրվել է 100 քայլում և իմ նախագահական ծրագրում։ Ընտրեիք ինձ նախագահ, և ես դա կանեի։ Ասելով չէ։
– Ինչո՞ւ չի արվել մինչև հիմա։
– Որովհետև իրենք դրա վրա են պետությունը կառուցել, իրենք չեն կարող մասսայական տնտեսվարողի վրա տնտեսություն կառուցել։ Եթե մենք սրանք վերացնենք, կդառնանք փոքր ձեռնարկությունների պետություն։ Չի կարող այդպիսի պետություն այստեղ լինել։ Այստեղ պետք է լինի 15 հոգու պետություն, որոնց վերահսկում է Հանրապետության նախագահը։
– Հայտարարում են, որ կա քաղաքական կամք, և փոփոխություններ կլինեն։
– Ո՞նց կա քաղաքական կամք։ Այս ընթացքում, քանի դեռ իրենք կամքից են խոսում, գրեթե բոլոր բարձրագույն պաշտոնատար անձինք դարձել են մոնոպոլիստ օլիգարխներ տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչի՞ մասին է ասվում։ Սուտ է ասվում։ Եվ հետո, նո՞ր պետք է ինչ-որ բան անեն։
– Իշխանությունները հայտարարում են, որ հարուստները հարստացել են օրինական ճանապարհով։
– Չկա այդպիսի բան, համարյա թե ոչ ոք օրինական ճանապարհով չի հարստացել։ Այսօր ամբողջ պղինձը, մոլիբդենը, այլ հանածոներ օֆշորների միջոցով ցածր գնով վաճառվում են, և փողերը պահվում են դրսում։
– Կառավարման ապարատի և ծախսերի կրճատման հարցն է նաև բարձրացվել, սակայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի խորհրդականների թիվը չի պակասում, իսկ ծառայողական ավտոմեքենաների մասին տարիներ շարունակ խոսվում է, բայց մինչ օրս ոչ ոք չի հրաժարվել դրանցից։
– Ավտոմեքենաների հարցով ես դիմել եմ 1.5 տարի առաջ, որ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում միայն մեկ ծառայողական մեքենա կա, իսկ Հայաստանում 2014 թ. բյուջեով, կարծեմ, 1360 հատ։ Այն դեպքում, երբ այսօր 400-450 ավտոմեքենան էլ է բավարար։ Հարցը վաղուց ենք բարձրացրել, բայց ոչ մի արդյունքի չհասանք։ Նույնը կլինի նաև հիմա, ոչինչ էլ չի փոխվի։