Բաժիններ՝

Ոստիկանությունը «Կումայրի» արգելոցում շենք է կառուցում առանց շինթույլտվությա՞ն

Պաշտոնյաների հարաբերական լռությունն ու մեծ թափով շինարարությունը

Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մեծ թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Քաղաքի այս հատվածում նախատեսվում է հիմնել չորսհարկանի շենք: Կառուցվող շենքը գտնվում է քաղաքի Ռուսթավել եւ Ղորղանյան փողոցների անկյունում, Սուրբ Նշան եկեղեցու մոտակայքում:

Դեռեւս հայտնի չէ, թե մշակույթի նախարարը տեղյա՞կ է այս շենքի կառուցման նախագծին կամ համաձայնություն տվե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք կառուցվող շենքն իր տեսքով բավարարելու է պատմամշակութային անհրաժեշտ պահանջները:

Շենքի կառուցման վերաբերյալ թեպետ տեղյակ է «Կումայրի» արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը, սակայն կարծիք հայտնել չի ցանկանում: Ասում է` նախ փաստաթղթային հարցերով դիմեք Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին, տեղեկությունները ստացեք, ապա նոր կարծիք է հայտնելու:

Գյումրու քաղաքապետարանը եւս մինչ այժմ հստակ տեղեկություններ չունի շենքի կառուցման նախագծի, նաեւ շինարարական թույլտվության վերաբերյալ:

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը փոխանցում է, որ նախագիծը վերամշակման փուլում է, իսկ շինարարության թույլտվության որոշման մասին հստակ տեղեկություններ ստանալու համար առաջարկեց քաղաքապետարան հարցում ուղարկել: Գլխավոր ճարտարապետը միաժամանակ հաստատում, որ  շինարարությունն ընթանում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:

Երեկ` հակառակ քաղաքապետարանի եւ համայնքապատկան կառույցի պաշտոնյայի հարաբերական այս լռության, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում շինարարական աշխատանքները շարունակում էին կրկին մեծ թափով: Որոշ աշխատակիցների եւ հարակից տարածքի անցորդներ հետ զրույցից պարզվեց, որ կառուցվող շենքի առաջին հարկը տրամադրվելու է «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը, իսկ մյուս երեք հարկերում տեղակայվելու են ՀՀ ոստիկանության որոշ բաժիններ ու վարչություններ` ոստիկանության Կումայրի բաժին, անձնագրային վարչություն եւ այլն: Շինաշխատանքներն իրականացնում է «Գոհարիկ» ՍՊԸ-ն, աշխատակիցներից շատերը Շիրակի մարզից չեն: Նախնական տեղեկություններով` շենքը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Շինհրապարակում աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պնդում էր, որ շինաշխատանքների իրականացման համար արդեն ստացել են թույլտվություն, բայց թե երբ` չէր մտաբերում: Նույն աշխատակիցը նաեւ, չգիտես ինչու, պնդում էր, որ կառուցվող հատվածը չի գտնվում «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:

«Ասպարեզը» հետեւողական է լինելու այս շինաշխատանքներին եւ պարզելու է, թե կա արդյոք շինթույլտվություն, նախագիծը կազմելիս` հաշվի առնվե՞լ է մշակույթի նախարարի, նախարարության առաջարկները եւ այլն:

Ա. Մկրտչյան
Asparez.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս