ՄԽ երկրների ԱԳ նախարարները ծրագրում են մասնակցել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստվում են ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը: «Հաջորդ շաբաթ Վիեննայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ծրագրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: Խորհրդակցությունների հիմնական նպատակն է լինելու փորձել ամրապնդել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել փոխվստահության ամրապնդման կոնկրետ քայլերի շուրջ»,- ըստ «ՌԻԱ-Նովոստիի»՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա կարծիքով՝ նման հանդիպումը կարող է նպաստել հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը, ստեղծել բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտ պայմաններ՝ հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար:
Դիվանագիտական շրջանակներում ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հնարավոր են համարել, որ հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին:
Հայկական կողմը հայտարարել է, որ ՀՀ նախագահի հանդիպումների և այցերի մասին կտեղեկացվի պատշաճ կարգով և ժամկետներում: