Բաժիններ՝

Բաքուն Հեյդար Ալիևի արձանը պղծած երիտասարդներին մեղադրում է թմրանյութեր պահելու մեջ

Ադրբեջանը հայտնել է խոշոր թմրավաճառների ձերբակալության մասին, որոնց թվում են ադրբեջանական ընդդիմադիր NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյասեդդին Իբրահիմովը:

Ադրբեջանի ՆԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Մամեդովից առգրավվել է 3 կգ հերոին: Նրա բնակարանից խուզարկության ժամանակ առգրավվել է ավելի քան 1 կգ հերոին: Իբրահիմովի մոտից առգրավվել է 2,6 կգ հերոին, բնակարանից՝ ավելի քան 1 կգ թմրանյութ:
Ձերբակալվածների փաստաբան Էլչին Սադիխովին արգելվել է տեսակցել վերջիններիս հետ: Երիտասարդները գտնվում են Բաքվի Նարմանովի շրջանի թիվ 12 ոստիկանական բաժանմունքում:

«Նրանց ստիպել են մաքրել ժամանակավոր պահման մեկուսարանի հատակը: Նրանք շատ վախեցած են, երբ ես ընդդիմացա, ինձ այդտեղից դուրս վռնդեցին՝ թույլ չտալով խոսել ձերբակալվածների հետ»,- Turan գործակալության հետ զրույցում ասել է փաստաբանը:
NİDA շարժումը հայտարարել է, որ երիտասարդներին ձերբակալելու իրական պատճառն այն է, որ նրանք մայիսի 10-ի գիշերը գրություններ են թողել Բաքվի կենտրոնում տեղադրված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա:
Խոշոր չափերի թմրանյութեր պահելու մեղադրանքով նրանց մինչև 12 տարվա ազատազրկում է սպասվում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի կայքը տեղեկացրել էր, որ Հեյդար Ալիևի ծննդյան նախօրեին, անհայտ անձինք սկանդալային գրառումներով պղծել էին Հեյդար Ալիևի հուշարձանը, ինչը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում:

Հուշարձանի երկու կողմերում սպիտակ ներկով անգլերենով (Fuck the system!) ու ադրբեջաներենով վիրավորական գրություններ էին հայտնվել («Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ», Qul bayramınız mübarək!): Անհայտ անձն օգտվել է Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս