Ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սևեռվել այդ երիտասարդի վրա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով: Պարզ է` եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման եւ մտահորիզոնի շրջանակներում` անճաշակ եւ ցուցադրական: Բայց ես մի քիչ զարմանում եմ, թե ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սեւեռվել այդ երիտասարդի վրա. արել է այնպես, ինչպես զգացել է. գուցե թերեւս արժե այդ ամենը կանոնակարգել:
Ինձ թվում է՝ շատ ավելի թունդ «ռաբիսներ» են այն գործարարները, որոնք այս օրերին զինվորների կամ նրանց ընտանիքների համար ինչ-որ «բարեգործություն» են արել, իսկ հետո համարյա նույնչափ գումար են ծախսել` իրենց «բարեգործությունների» մասին գովազդային հոլովակ պատրաստելու եւ ցուցադրելու համար: Հետաքրքիր է, ինչո՞ւ այդ վարքագիծն ավելի մեծ նողկանք չի առաջացնում: Եթե մարդը բարի գործ է կատարել` դրա մասին հետագայում պատմելու նպատակով, ուրեմն դա իրականում բարի գործ չէ, դա բիզնես է` մի բան տալիս ես, մեկ այլ բան վերցնում ես: Բարի գործն այն է, երբ դու հաջորդ իսկ պահին մոռացել ես, թե ինչ ես արել, որովհետեւ անգամ ինքդ քեզ հիշեցնելը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ պարգեւ` «վայ, էս ինչ լավն էի ես»: Գնացել ես հիվանդանոց, այցելել ես զոհվածների հարազատներին` լավ ես արել: Մի՛ նկարվիր, նկարը մի՛ տարածիր, թող դա մնա քո եւ այն մարդկանց մեջ, որոնց դու ջերմություն ես պարգեւել: Ընդհանրապես, այս իրավիճակում էգոցենտրիզմը մի տեսակ պատեհ չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: