
«Որևէ դեսպանատան քարտուղարը չի որոշում՝ Արցախն անկա՞խ է, թե՞ ոչ». Էդուարդ Շարմազանով

«Հիմա ես չեմ ուզում Ռուսաստանի կամ այս կամ այն դեսպանատան առաջին կամ երկրորդ քարտուղարների մտքերն արտահայտել. հա՛մ ասում եք՝ Լավրովի ասածը մեկնաբանի, հա՛մ Պուտինի, հա՛մ Քերիի, հա՛մ առաջին քարտուղարի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում նեղսրտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի այն հայտարարությանը, թե՝ «քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ»:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա կապակցությամբ «Հաղթանակ» զբոսայգի այցելած ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինին լրագրողները հարցեր էին ուղղում՝ արդյոք Ռուսաստանը շարունակելո՞ւ է զենք վաճառել Ադրբեջանին: Դեսպանի պատասխանից հետո նրան ուղեկցող դեսպանատան երկրորդ քարտուղարը լրագրողներին հորդորել է անջատել տեսախցիկները, որից հետո սենսացիոն հայտարարություն է արել՝ «Ի՞նչ եք ուզում, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը: Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ»:
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովն ասաց, որ շատ է հարգում նրանց պաշտոնը, բայց ամեն ինչ չէ, որ պետք է Ազգային ժողովի փոխնախագահը մեկնաբանի. «Այս տարիների ընթացքում, բոլոր խնդիրներով հանդերձ, Ռուսաստանն է եղել, որը թե՛ շատ լուրջ չափաբաժնով, թե՛ շատ լավ պայմաններով Հայաստանին տրամադրել է զենք-զինամթերք: Իսկ թե ի՞նչ է ասել քարտուղարը, որևէ դեսպանատան քարտուղարը չի որոշում՝ Արցախն անկա՞խ է, թե՞՝ ոչ»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: