«Ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին». ՀՀ-ում ՌԴ դեսպան
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ»,- այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով՝ հիմա պատերազմ չի ընթանում: Դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները՝ նա պատասխանեց, որ պատասխանատու չէ Ադրբեջանի գործողությունների համար: Հարցին, թե դեսպանն ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, Ի. Վոլինկինը պատասխանեց, որ այս հակամարտությունը միայն խաղաղ լուծում ունի:
Դիտարկմանը, թե Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Ի. Վոլինկինն այսպես արձագանքեց. «Ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Այն, որ կվաճառի, դեռ չի նշանակում, որ շարունակում է վաճառել: Մենք զենք ենք մատակարարում նաև Հայաստանին»: