Բաժիններ՝

Որքանո՞վ են նվազել բենզինի և դիզվառելիքի գները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ՀՀ-ում 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցած գնային փոփոխությունները:

«2016թ. հունվարին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվեց էական գնաճ՝ 2.2%, այնուհետև՝ հաջորդ երեք ամիսներին, արձանագրվել է գնանկում, մասնավորապես՝ փետրվարին՝ 1.4%, մարտ և ապրիլ ամիսներին՝ 0.3%-ի սահմաններում: Վերջին երեք ամիսներին արձանագրված ընդհանուր գնանկումը կազմել է 2.1%: 2016թ. ապրիլին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.1%»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ընդհանուր 0.1% գնաճի պարագայում վերջին չորս ամիսների կտրվածքով պարենային ապրանքատեսակների գների աճը կազմել է 0.5%, ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնաճ՝ 1.6%, իսկ ծառայության սակագներն աճել են 0.3%-ով:

«Դիտարկված հանրապետության 11 բնակավայրերից 10-ում արձանագրվել է գնանկում 0.1-1%: Առավել բարձր գնանկում գրանցվել է Հրազդանում՝ 1%, 0.1% գնանկում արձանագրվել է Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Երևանում գնանկումը կազմել է 0.2%, իսկ Իջևան քաղաքում գները մնացել են անփոփոխ»,- նշեց բանախոսը:

Կարդացեք նաև

Նշված ժամանակահատվածում առավել բարձր գնաճ, ըստ նրա՝ արձանագրվել է միրգ ապրանքախմբում՝ 4.7%, հացամթերքինը՝ 0.1%, մսամթերքի գներն աճել են 0.3%-ով, հրուշակեղենի գներն աճել են .2%-ով. «Գնանկում է արձանագրվել բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում՝ 4.3%, կաթնամթերքի գները նվազել են 1%-ով, ձվի գները նվազել են 2.6%-ով, շաքարավազինը՝ 0.1%, սուրճ, թեյ, կակաո՝ 0.2%, ձկնամթերք՝ 0.5%, այլ մթերք՝ 0.3%»:

Հարցին՝ որքանո՞վ են ազդել ապրիլյան գործողությունները գների վրա, նա պատասխանեց, որ իրենք գործոնային հետազոտություն չեն իրականացնում. «Ուղղակի փաստագրում ենք գնային փոփոխությունները սպառողական շուկայում»:

Անդրադառնալով բենզինին և դիզվառելիքին, նա նշեց, որ դրանց գներն ապրիլ ամսին՝ մարտ ամսի համեմատ, ունեցել են գնանկման միտում. բենզին՝ 1.8%, դիզելային վառելիք՝ 2%. «Իսկ 2016թ. ապրիլին 2015թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 11.4%-ով, դիզվառելիքինը՝ 15.2%-ով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս