Ամսական 36 մլն դրամ. ով է Հայաստանում ստացել ամենաբարձր աշխատավարձը
Պարզվում է՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ոչ միայն այսքան աշխատավարձ են ստանում, այլ նաև ազնվորեն նշում այդ մասին՝ գույքի և եկամուտների մասին իրենց հայտարարագրերում։
Ինչպես գրում է B4B.am-ը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի կինը` Գայանե Մկրտչյանը, 2012 թվականի տարեկան հայտարարագրի «Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ» տողում լրացրել է 433 մլն դրամի աշխատավարձ։
Ուշադրություն դարձրեք՝ սա կարող է ներառել միայն աշխատավարձը և պարգևավճարները, քանի որ շահաբաժինները, վարձակալության դիմաց վճարներն ու այլ եկամուտները լրացվում են առանձին տողով։
Տարվա կտրվածքով 433 մլն դրամը կազմում է ամսական 36 մլն դրամ, կամ շուրջ 90 հազար դոլար (2012 թվականի փոխարժեքով)։ Սա մինչ այժմ պաշտոնապես հայտարարված ամենաբարձր աշխատավարձն է ՀՀ-ում։
Ընդ որում, 2015 թվականի հայտարարագրի համաձայն՝ Գ. Մկրտչյանը ընդհանրապես եկամուտ չի ունեցել։
Կարդացեք նաև՝ Աղքատացել է արդյոք Սամվել Ալեքսանյանը (վերլուծություն՝ ինֆոգրաֆիկայով)
Թե որտեղ է աշխատում Արսենյանի կինը, հայտարարագրում չի նշվում։ Սակայն հայտնի է, որ Աշոտ Արսենյանն ու իր կինը «Ջերմուկ Գրուպ» ընկերության միակ սեփականատերերն են։
Ընդհանուր առմամբ, Աշոտ Արսենյանն ու իր կինը 2015 թվականի վերջին միասին ունեցել են 700 մլն դրամի և 4 մլն դոլարի դրամական միջոցներ։ Ամուսինները միասին ունեցել են նաև մեծ ծավալի հանձնած փոխառություններ (իրենց կողմից տրված պարտքեր)՝ 6.3 մլր դրամի և 7.9 մլն դոլարի չափով։
Դրա համար զարմանալի չէ, որ 2015 թվականին նրանց եկամուտները գոյացել են հիմնականում այդ փոխառությունների դիմաց ստացվող մարումներից և տոկոսներից՝ ընդհանուր առմամբ՝ շուրջ 6 մլրդ դրամ նախորդ տարվա ընթացքում։