Ռուսաստանից օֆշորներ է հոսել 1.3 տրիլիոն դոլար
Աշխարհի զարգացող երկրներից 2014 թվականի դրությամբ դուրս է հանվել ավելի քան 12 տրլն դոլար։ Օֆշորներ տեղափոխված այդ ահռելի գումարից 1.3 տրլն-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Այս մասին են վկայում Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Հենրիի հետազոտության տվյալները, որը նա արել է Tax Justice Network կազմակերպության պատվերով։
18 ամիս տևած իր հետազոտական աշխատանքի մեջ Ջեյմս Հենրին օգտագործել է ԱՄՀ-ի և ՄԱԿ-ի պաշտոնական տվյալները։
The Guardian-ի հետ զրույցում Ջ. Հենրին նշել է, որ ինչպես ցույց է տվել հետազոտությունը, միջոցները օֆշորային գոտիներ տեղափոխելու նպատակը միայն հարկերից խուսափելը չէ։ Նրա խոսքերով, հանցագործներն ու կոռումպացված պաշտոնյաները նույնպես օգտագործում են օֆշորները՝ իրենց գումարները թաքցնելու համար։
Պրոֆեսորը օֆշորային գոտիների «բնակիչներին» համեմատել է «Աստեղային պատերազմներ» ֆիլմի մի դրվագի հետ, որտեղ բարում նստած են միջգալակտիկական կասկածելի կերպարներ։
«Դա նման է «Աստեղային պատերազմներ» ֆիլմին. մի անկյունում նստած եի հարկերից խուսափողները, մյուսում՝ զենքի առևտրով զբաղվողները, երրորդում՝ կոռուպցիոներները։ Կան նաև այնպիսիք, որոնք օֆշորն օգտագործում են փողերի լվացման կամ խարդախությունների համար»,- ասել է նա։
Գիտնականը նշել է, որ որպես «հարկային ապաստաններ» ընտրվում են ոչ միայն Կայմանների պես էկզոտիկ վայրերը, որտեղ կարելի է թաքցնել կապիտալը, այլև ԱՄՆ որոշ նահանգներ։ Օրինակ, Դելավերում օտարերկրյա ներդրողները հնարավորություն ունեն ընկերություն գրանցել՝ առանց վերջնական սեփականատիրոջը նշելու։
Զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի մասին այս հետազոտությունն, ըստ էության, 2012 թվականին արված վերլուծության թարմացումն է։
Դրանում նշվում էր, որ աշխարհի հարուստները հարկումից թաքցնում են 21-31 տրլն դոլար։ Այն ժամանակ Հենրին պնդում էր, որ 1990 թվականից ի վեր Ռուսաստանից օֆշորային գոտիներ է արտահոսել 798 մլրդ դոլար։
Այդ վերլուծությունից հետո անցած ժամանակահատվածում, ըստ գիտնականի, օֆշորային գոտիների թիվն աճել է՝ չնայած հասարակական ճնշմանը։
Նրա հաշվարկներով, 2010 թվականից ի վեր զարգացող երկներից կապիտալի արտահոսքը դեպի օֆշորներ աճել է տարեկան միջինը 8%-ով։ Ռուսաստանի և Չինաստանի դեպքում այդ ցուցանիշը 9% է։
Ջ. Հենրին չի բացառում, որ դա պայմանավորված է տնտեսական և քաղաքական անկայունության հետ կապված մտավախություններով։