Բաժիններ՝

Կորած աղջիկ չի. շուշեցի ազատամարտիկը չի վախենում Մատաղիսում ծառայող աղջկա համար. yerkir.am

52-ամյա ազատամարտիկ Սարգիս Համբարձումյանը Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից է: 24 տարի առաջ Սարգիսը գյուղի ավտոբուսի վարորդն էր, հիշում է, թե ինչպես էին ադրբեջանցիները Շուշիից գնդակոծում գյուղը: Ասում է` Քարին տակը հերոս գյուղ է` մինչև վերջ չհանձնվեց:

«Մի քանի անգամ թուրքերը հարձակվել են, որ բնաջնջեն գյուղը, չի ստացվել: Մենք երդվել էինք մեր գյուղը մինչև վերջ պահել ու դուրս չգալ գյուղից: Ճիշտ է, շատ զոհ տվեցինք, բայց մեր գյուղը պահեցինք»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սարգիսն ու պատմեց Շուշիի ազատագրման օպերացիայի մասին:

«Միշտ երազում էինք` երբ պետք է Շուշին ազատագրվի, որովհետև վերևից անընդհատ հրետակոծում էին գյուղը, մեզ քուն-դադար չկար, ցերեկը գյուղում շարժ չկար, գյուղամիջով վազելով էինք գնում: Մերոնք տեխնիկայով վերևից մտան` Չանախչիի, Շոշի ուղղությամբ մտան, Շուշի տանող ճանապարհը փակեցին, Կոմանդոսը չթողեց խաղաղ բնակչությանը կոտորել, ասեց` թող գնան: Եթե մերոնք ուզեին` կկոտորեին, բայց Կոմանդոսը թույլ չտվեց»,- պատմեց նա:

Մայիսի 8-ին ազատագրումը սկսվեց, 9-ին Շուշին արդեն ազատագրված էր: Սարգիսը պատմում է` Շուշիի ազատագրումից հետո քարինտակցիները հանգիստ շունչ քաշեցին:

Համեմատելով 90-ականների Արցախյան շարժումը ներկայիս փաստացի պատերազմի հետ` քարինտակցի վարորդը հպարտանում է` նոր սերունդը ոչնչով չի զիջում նախորդներին: «Հիմա մեր գյուղում ջահել տղա չկա, գյուղապետից սկսած` բոլորը դիրքերում են»,- ասաց նա:

Սարգիսը որդի չունի, բայց զինվորական աղջիկն այսօր ամենաթեժ կետերում է: «Դե տղա չունեմ, պետք է մեկը տղու դեր տանի, չէ՞, աղջիկս էլ տանում ա, իմ աղջիկը Մատաղիսում է ծառայում, ինքը կորած աղջիկ չի, դուխը տեղն ա, սրտով աղջիկ ա, էլի, ոչ մի բանից չի վախենում»,- պատմեց հայրը:

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս