«Ադրբեջանը մտավախություն ունի, որ հայկական կողմը կանցնի հակահարվածի». Վաղարշակ Հարությունյան
Մայիսյան տոներին ընդառաջ՝ շատերի մոտ մտավախություն կար, որ Ադրբեջանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, հատկապես ապրիլյան սրացումից հետո, կրկին հարձակման փորձեր և դիվերսիոն գործողություններ կանի: Սակայն մինչ այս պահը հակառակորդը համեմատաբար հանգիստ է եղել, բացի արդեն «սովորական» դարձած կրակի դադարեցման խախտումներից՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է զսպել Ադրբեջանին:
«Զսպում են այն հետևանքները, որ կլինեն նրանց համար, եթե փորձեն հարձակվել: Նրանք շատ լավ հասկանում են, որ մեր բանակը հիմա պատրաստված է, մարտունակ և հետևում է իրենց գործողություններին ու տեղաշարժերին»,- ասաց Վ. Հարությունյանը:
Ըստ նրա՝ այդպիսի լարվածություններից և ռազմական գործողությունից հետո, բնական է, որ կողմերից յուրաքանչյուրը պատրաստվում է հակառակորդի գործողություններին, և Ադրբեջանում կուտակումներն ու ուժերի տեղաշարժը կապված է դրա հետ. «Նրանք մտավախություն ունեն, որ հայկական կողմը կանցնի հակահարվածի, և կուտակումները դրա հետ են կապված»:
Վ.Հարությունյանի կարծիքով՝ երբեք չի կարելի ասել, որ իրենք հասկացել են և այլևս նման հարձակում չեն իրականացնի. «Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը լուծված չի: Հասկանալի է, որ իրենք չեն կարող հանձնվել և փորձելու են ամեն ինչ անել, նաև օգտագործելու են ռազմական ուժը: Ուրիշ հարց է՝ ի՞նչ չափերով և ե՞րբ: Մենք բոլորս պետք է գիտակցենք դա, և, որ իրենք, բնական է, հարցի լուծում են ուզում ստանալ, իսկ քանի որ դա չեն կարող ստանալ լայնածավալ պատերազմի միջոցով, իրենք փորձելու են այդպիսի սադրանքներ իրականացնել՝ քաղաքական դիվիդենտներ ունենալու համար, ինչը որ ապրիլին փորձեցին, բայց ո´չ ռազմական հաջողության հասան, ո´չ քաղաքական:
Միայն երկու երաշխիք կա, որ նրանք չեն գնա ագրեսիայի, դա մարտունակ բանակն է և հզոր հասարակությունը, որը գիտակցում է, որ սա մի օրվա խնդիր չէ, և պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ապահովի իր անվտանգությունն ու Ղարաբաղի անկախությունը: Սրանք այն երաշխիքներն են, որ կապահովեն պատերազմի չվերսկսումը: Այլ հույսեր կապել այսօր, որ Ադրբեջանը կգիտակցի, սխալ է: Ինչո՞ւ պետք է գիտակցի, նա իր տեսակետից՝ տարածքներ է կորցրել, համարում է իր տարածքները և ուզում է վերադարձնել դրանք: Եվ ընդհանրապես, ո՞ր մի հակամարտությունը կամ տարածքային վեճն է լուծվել շատ արագ: Դրանք դարերով են գնում: Մենք պետք է սա գիտակցենք և ամեն ինչ անենք, որ չվերսկսվի պատերազմը»: