Volt. հայկական ստարտափը կօգնի գտնել սպասարկման ոլորտի մասնագետներին
168.am-ը շարունակում է անդրադառնալ հայկական հետաքրքիր ստարտափներին: Այս անգամ անդրադարձել ենք մի նախագծի, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել կենցաղային մի շարք խնդիրներ:
Շատերս ենք բախվել իրավիճակի, երբ մասնագետներ չգտնելու պատճառով կենցաղային որևէ խնդիր դարձել է ավելի բարդ ու ծախսատար: Այժմ արդեն հայկական Volt հավելվածի միջոցով շատ արագ կարելի է գտնել սպասարկման ոլորտի մասնագետների:
Մեզ հետ զրույցում հավելվածի հեղինակներից Դավիթ Խաչատրյանը պատմեց, որ հավելվածն ունի նպատակ՝ օգնել թե՛ սպասարկման ոլորտի մասնագետներին, թե՛ սպառողներին:
«Սպառողների համար ավելի հեշտ է գտնել մասնագետների, քան՝ հակառակը: Այսպիսով կավելանա նաև աշխատանքը մասնագետների համար»,- նշեց Դավիթ Խաչատրյանը:
Եթե սկզբնական շրջանում հավելվածը պետք է մասնագետներին ծանուցում ուղարկեր աշխատանքի մասին, ապա հիմա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ մասնագետներ չեն օգտագործում սմարտֆոններ, որոշում է կայացվել, որ կգործի զանգերի կենտրոն, որի միջոցով կկայանա սպառող-մասնագետ կապը:
Ներկայումս հասանելի է հավելվածի բետա-տարբերակը, որը հնարավոր է բեռնել Android օպերացիոն համակարգի միջոցով:
Չնայած այն հանգամանքին, որ հավելվածը շատ կարճ ժամանակ է, ինչ հասանելի է, սակայն արդեն կան առաջին դրական արձագանքները:
Հավելվածի հեղինակները չեն բավարարվելու միայն Android-ի համար նախատեսված տարբերակով: Շուտով կթողարկվի նաև iOS տարբերակը:
Սկզբնական շրջանում հավելվածը կտարածվի Հայաստանի այլ քաղաքներում, իսկ այնուհետև կգործարկվի միջազգային հարթակում՝ Վրաստանում, Իսրայելում, Ռուսաստանում, և այլն:
Ստարտափը նոր է: Ստեղծման գաղափարն առաջացել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից անցկացվող հեքըթոնի ժամանակ: Հեքըթոնի ընթացքում Volt-ը ճանաչվել է հաղթող:
Հավելվածի հեղինակ Դավիթ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ թիմում աշխատում է 2 մասնագետ, սակայն հետագայում, ստարտափի զարգացման հետ, կավելանան նաև աշխատատեղերը:
Սիրարփի Աղաբաբյան