«Պետք է օրենքները գործեն Հայաստանում, և ոչ թե՝ ջենթլմենական համաձայնությունները». Էդմոն Մարուքյան
«Մենք ի՞նչ պայմանավորվենք, որ հանցագործություն չե՞նք անելու»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԱԺ ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանի «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրելու առաջարկին:
Հիշեցնենք, որ երեկ Ա. Վարդանյանն առաջարկեց քաղաքական ուժերին 2017 թվականի ընտրություններին ընդառաջ ստորագրել «ջենթլմենական համաձայնագիր», որ ընտրակաշառք չեն բաժանելու:
Է. Մարուքյանը նկատեց, որ ընտրակաշառք տալը և վերցնելը քրեորեն հետապնդելի արարք է, հանցագործություն: Նրա խոսքով՝ եթե քրեական օրենսդրությունը, քրեական հետապնդման վտանգը չի զսպում մարդկանց՝ ընտրակաշառք բաժանելու կամ վերցնելու առումով, ապա «ջենթլմենական համաձայնագիրն» ինչպե՞ս է զսպելու:
«Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, որովհետև դա հանցագործություն է, այսինքն՝ մենք ի՞նչ պայմանավորվենք, որ հանցագործություն չե՞նք անելու: Մի քիչ անհասկանալի է դա ինձ համար, դրան էլ գումարած մյուս հանգամանքը, որ պատմության մեջ ո՞վ է ընտրակաշառք բաժանում. միշտ բաժանում են իշխանությունները և կոալիցիոն ուժերը, և այն ուժերը, որոնք ունեն բիզնեսմեն թեկնածուներ, դա դասական ընդդիմությանը չի վերաբերում, այսինքն՝ դասական ընդդիմությունը փող չունի, որ քարոզարշավ կազմակերպի, ինչ մնաց՝ մի հատ էլ ընտրակաշառք բաժանի, դրա համար ինձ թվում է՝ այդ համաձայնագիրը կամ հայտարարությունը պետք է իշխանությունն անի, իսկ եթե ինչ-որ բան խանգարի իշխանությանն ընտրակաշառք բաժանել, առաջինը պետք է լիներ քրեական օրենսդրությունը, և ոչ թե՝ ինչ-որ ջենթլմենական համաձայնագիր»,- նշեց մեր զրուցակիցը:
– Այսինքն՝ եթե անգամ բոլոր քաղաքական ուժերը ստորագրեն այս համաձայնագիրը, ապա այն ավելի շատ ձևական բնո՞ւյթ է կրելու:
– Այո, ես կարծում եմ՝ դա ոչ մի բան չի տա, կաշառք տալը և վերցնելը հանցագործություն է, ջենթլմենական համաձայնությամբ ասենք՝ հանցագործություն չե՞նք անում:
– Ասում եք, որ հիմնականում ընտրակաշառք բաժանում են իշխանությունները և նրանց կոալիցիոն ուժերը, ու իշխանությունը պետք է նման հայտարարությամբ հանդես գա: Այս պարագայում՝ ՀՅԴ-ն հուշագիր է ստորագրել իշխանությունների հետ և իշխանության մաս է կազմում:
– Դե, կարող է՝ իրենք ուզում են, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն իրար հետ պայմանավորվեն, որ կաշառք չբաժանեն: Այդ առումով միգուցե հասկանալի լինի, բայց ընդդիմադիր ուժերը որտեղի՞ց կաշառք բաժանեն:
– Պարոն Մարուքյան, ամեն դեպքում, եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, «Լուսավոր Հայաստանը» կմիանա՞ դրան:
– Չենք քննարկել նման հարց, ես իմ մոտեցումն ասացի, ես գտնում եմ, որ պետք է օրենքները գործեն Հայաստանում, և ոչ թե՝ ջենթլմենական համաձայնությունները, որովհետև իրավական պետություն ունենալու համար մեզ պետք է, որ օրենքը կիրարկվի: