ԲՀԿ-ն պաշտպանելու է Աղվան Վարդանյանի՝ «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրելու առաջարկը

«Ես շատ ողջունում եմ իմ գործընկեր Աղվան Վարդանյանի առաջարկը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ քաղաքական ուժերին արած «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրելու առաջարկին:

Հիշեցնենք, որ երեկ Ա. Վարդանյանն առաջարկեց քաղաքական ուժերին 2017 թվականի ընտրություններին ընդառաջ ստորագրել «ջենթլմենական համաձայնագիր», որ ընտրակաշառք չեն բաժանելու:

Ն. Զոհրաբյանի բնորոշմամբ՝ սա քաղաքակիրթ երկրների մշակույթին բնորոշ առաջարկ է, և ԲՀԿ-ն, միանշանակ, պաշտպանելու է այդ առաջարկը. «Միանշանակ մենք միանալու ենք այդ ջենթլմենական պայմանավորվածությանը և համաձայնագրին, բայց ինչքանո՞վ դա կաշխատի մեր իրականության մեջ` մեծագույն հարց է, որը, վստահ եմ, որ շատ լավ հասկանում է նաև իմ գործընկեր Աղվան Վարդանյանը: Զուտ բարոյական առումով՝ շատ ճիշտ առաջարկ է՝ հասկանալով, թե ինչպիսի բարդագույն ընտրություններ են սպասվում մեզ 2017 թվականի ապրիլի 2-ին, և մենք անպայմանորեն միանալու և պաշտպանելու ենք Աղվան Վարդանյանի այդ առաջարկը»:

Մենք Ն. Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ դա կարող է զսպիչ մեխանիզմ լինել այն ուժերի համար, որոնք, այսպես թե այնպես, բաժանում են ընտրակաշառք: Ի պատասխան՝ նա ասաց, որ լավատես չէ, որ դա կարող է զսպիչ մեխանիզմ լինել այն քաղաքական ուժերի համար, ովքեր ի սկզբանե որոշել են ընտրական գործընթացի օրինականությունը շրջանցել: «Այդուհանդերձ, այն քաղաքական ուժերը, որոնք կստորագրեն դրա տակ, և այնուհետև կլինեն հստակ փաստեր, որ այս քաղաքական ուժերն իրենց իսկ ջենթլմենական խոսքը խախտել են, արդեն հանրությունը, ի լրումն տվյալ քաղաքական ուժերի կատարած ընտրախախտումների, նաև գնահատական կտա իրենց ջենթլմենական պայմանավորվածության խախտմանը: Գոնե այս առումով, կարծում եմ, խնդիրը կարող է իր նպատակին հասնել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս