«Ստեղծենք վստահության մթնոլորտ և այնպիսի ընտրական պայմաններ, որ ոչ ոք չկասկածի»

«Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո եկել է դրանք կյանքի կոչելու և ավարտին հասցնելու ժամանակը: Ընտրությունների կազմակերպման, անցկացման համար մեզ հարկավոր է ունենալ նոր Ընտրական օրենսգիրք, որի համաձայն ընտրական հանձնաժողովները ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումն ու պաշտպանությունը:

Այսօր, երբ միջազգային անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ, մենք պարտավոր ենք ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ ապահովել հավասա ր պայմաններ ընտրական իրավունքի իրականացման համար քվեարկության անցկացման տեղամասում, դահլիճում, սրահում և սենյակում: Վստահ եմ՝ ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Համաձայն օրենքի՝ ոչ ոք չի կարող ընտրողին հարկադրել. քվեարկությունը գաղտնի է և ոչ ոք իրավունք չունի վերահսկել ընտրողի կամքը, խաթարի նրա մասնակցության կամ կամքի արտահայտման գաղտնիությունը: Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն: Իսկ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար:

Մեր օրերում կանանց դերի և իրավունքների մասին մտածելիս, մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր կանայք հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ լինեն, ինչու չէ՝ նաև ցանկության դեպքում ղեկավար դեր ստանձնեն: Խորհրդարանում կանանց մասնակցության մեծացումը, հավատացած եմ, կմեծացնի ավելի լավ արդյունքների հասնելու հավանականությունը: Այդպես մենք էլ ավելի կխթանենք կանանց իրավունքների պաշտպանվածությունը, մեր օրենսդիր մարմնում նրանց լիարժեք ներգրավվածության ապահովումը: Գենդերային հավասարությունը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հնարավորությունների իրավունքի ապահովումը նպաստում է ժողովրդավարությանը: Փորձը ցույց է տալիս, որ այն խորհրդարանները, որոնցում իսկապես արտացոլված է հասարակության բազմազանությունը, մշակվում է ողջ հասարակության կարիքներին ավելի համապատասխան քաղաքականություն:

Իզուր չէ, որ մորը դիմելուց հետո մենք՝ հայաստանցիներս նոր Աստված ենք կանչում: Ուրեմն, հավասարության հենքի վրա կառուցենք մեր հարաբերությունները մեր փոքրիկ, բայց վեհ ու հզոր, ժողովրդավար, բոլորիս համար թանկ երկրում: Մոր խոսքը, որպես կանոն միայն հաստատուն է և կայուն, զսպվածությամբ լի: Մոր ապրելու երազանքում իր զավակներն են՝ տագնապի պահին թև ու թիկունք, զորավիգ և ապավեն հայրենիքին:

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:

Նշված նորմը իրագործելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս քան երկու և ոչ ավելի քան չորս ներկացուցիչ: Քանի որ մենք՝ եզդիներս, ՀՀ-ում դեռևս չունենք կուսակցություններ, ուստի առաջարկում եմ, որ կուսակցությունը կամ դաշինքը որոշի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկված թեկնածուներին, հաշվի առնելով ազգային փոքրամասնություների ՀԿ-ների դիրքորոշումը կուսակցության և կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ մասում 1-ից 4 թվագրմամբ նշված յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուի վերաբերյալ:

Ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի՝ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն բոլոր կուսակցությունների և դաշինքների ցուցակներում: Ես գտնում եմ, որ այդ նորմը պետք է պարտադիր լինի, բայց հաշվի պետք է առնվի, որ եթե կուսակցություններն «օբեկտիվ» պատճառներով չեն կարող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ցուցակում ներկայացնել, ապա այն չպետք է «արգելի» կուսակցության կամ դաշինքի մասնակցությունն ընտրություններին: Միայն թե ազգային փոքրամասնությունների մանդատը չպետք է թափուր մնա:

Վստահ եմ, որ այդ հարցը հստակ կլուծի աշխատանքային խումբն ազգային փոքրամասնությունների հետ: Կարևոր է, որ այդ խնդրահարույց հարցը լուծվեց և մեր Հանրապետությունում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկացուցչական մարմնում, որը արդարացի է, առաջընթաց է: Այն օրենքով ամրագրում է ազգային փոքրամասնությունների գլխավոր հարցերից մեկը՝ մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր Հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը:

Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այս նորմի սահմանումը ժամանակին է, գնահատանքի արժանի և, հավատացեք, այն ևս մի անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Այն միայն օգնող, օժանդակող կարող է լինել, ոչ մի դեպքում խանգարող չէ:

ՄԱԿ-ի ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» սահմանվում է, որ ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության, իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պետք է գտնի պարբերական ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում: Հավատացեք՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն ավելի ռեալ կներկայացնի իր համայնքը, որովհետև ներքին խնդիրներն նրան ավելի շատ ծանոթ են ու տեսանելի:

Ժամանակն է նաև մեր օրենսդիր մարմնում լիարժեք ներկայացվեն կանայք և մեր ԱԺ-ի կազմի նվազագույնը 25-30%-ը լինեն կանայք: Ստեղծենք վստահության մթնոլորտ և այնպիսի ընտրական պայմաններ, որ ոչ ոք չկասկածի և մտավախություն չունենա ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրությունների իրականացման համար, հասարակությունը ժամանակին տիրապետի քվեարկության արդյունքներին, ապագա խորհրդարանում իրենց տեղը գտնեն հիմնականում չվարկաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի և պարկեշտ անձիք: Հավատացած եմ, որ ընտրություններով կորոշվի, թե որ քաղաքական ուժը պետք է կառավարի մեր երկրում: Առավել ևս, որ Ընտրական նոր օրենսգիրքը առանցքային է լինելու, կենսունակ, նվազագույնի կհասցնի հնարավոր ընտրակեղծիքները և արմատական փոփոխություներն ինքնանպատակ չեն լինի:

Կա քաղաքական կամք, մնում է դա իրականացվի…»:

Ամո Շարոյան
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Տեսանյութեր

Լրահոս