Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենթուս»
La Gazzetta Dello Sport իտալական թերթը երեկ լույս է տեսել «Յուվեի պոկերը» գլխագրով: Թերթի շապիկին զետեղված են եղել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, իսպանական «Վալենսիայի» և ֆրանսիական «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստներ Անդրե Գոմեսի և Էդինսոն Կավանիի լուսանկարները: Վերջիններս հայտնվել են Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» հետաքրքրությունների շրջանակներում:
«Եթե «Յուվենթուսը» կարողանա ձեռք բերել այս 3 ֆուտբոլիստներին և պահպանի Պոլ Պոգբային, ապա ակումբը հրաշալի քառյակ՝ «պոկեր» կունենա»,- գրել է La Gazzetta Dello Sport-ը:
Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ ակումբը չի կարող երեք առաջատարներին` Գյունդողանին, Հումմելսին և Մխիթարյանին պահել թիմում:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալը», «Չելսին», իտալական «Յուվենթուսը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն:
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ներկայումս տատանվում է 30-50 միլիոն եվրոյի սահմաններում, հաղորդում են միջազգային վերլուծական կենտրոնները: Ըստ ֆուտբոլային վիճակագրությամբ զբաղվող Whoscored կայքի, Մխիթարյանը Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է: 10 բալանոց համակարգում հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը կազմում է 7.93, որը Բունդեսլիգայի ամենաբարձր ցուցանիշն է: