Այս գիշեր պայթյունից, բեկորներից կոտրվել են Մատաղիսի տների, ինչպես նաև դպրոցի ապակիները

Ադրբեջանական հրետակոծությունից Մատաղիսում կոտրվել են մի շարք տների ու գյուղի դպրոցի ապակիները, վնասվել են էլեկտրալարեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մատաղիս գյուղի դպրոցի տնօրեն, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Գեղամ Աղաջանյանը (Մատաղիսի գյուղապետ Զավեն Անդրեասյանը ևս վիրավորվել է ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով- հեղ.):

«Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակել է 30 արկ: Պայթյունից, բեկորներից կոտրվել են տների, ինչպես նաև դպրոցի ապակիներ: Ի դեպ, դպրոցի այն ապակիներն են կոտրվել, որոնք նախորդ հրետակոծությունից վնասվել էին և մենք նորն էինք տեղադրել»,-ասաց Գեղամ Աղաջանյան: Նա ընդգծեց, որ գյուղի վերականգնողական աշխատանքները շարունակվում են, վնասված տանիքները վերականգնվում են, կոտրված ապակիները նորերով են փոխարինվում: Նրա տեղեկացմամբ` այս գիշեր նաև էլեկտրական լարեր էին վնասվել, բայց արդեն վերականգնվել են:

Անդրադառնալով Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի առողջական վիճակին, Գեղամ Աղաջանյանը տեղեկացրեց, որ բավական լավ է, քայլում է: Մի երկու անգամ արդեն գյուղ է եկել, բայց դեռ կազդուրման կարիք ունի:

Տեսանյութեր

Լրահոս