Բաժիններ՝

Համաշխարհային բանկը 30 մլն դոլար է ուղղում ՀՀ էներգետիկ ոլորտի ֆինանսական վիճակի և կառավարման բարելավմանը

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել է 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունաքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար: Սույն Ծրագիրը կօժանդակի կառավարության, բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին, բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը:

Վերջին հինգ տարիների ընթացքում էներգիա արտադրող պետական ընկերությունները իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու և մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրում և ծախսեր:

Այսպես, Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) և Երևանի ջերմաէլեկտրակայանը (Երևանի ՋԷԿ) կուտակել են 104 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող դրամական միջոցների խոշոր պակասուրդ, որը կազմում է նրանց 2015 թ. հաշվարկված ընդհանուր հասույթի 80 տոկոսը:

ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական դժվարությունները չհաղթահարելու դեպքում վերջինս էական ազդեցություն կունենա արտադրության ներկա մակարդակը պահպանելու նրանց ունակության վրա՝ էլեկտրամատակարարման արժեքի և երկրում բավարար էլեկտրաէներգիայի մատակարարման համար դրանից բխող բացասական հետևանքներով: 2012-2014 թթ. նշված երկու կայաններին բաժին է ընկել ներքին կարիքների համար արտադրված ընդհանուր տարեկան էլեկտրաէներգիայի 42 տոկոսը: ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի՝ էլեկտրաէներգիայի ներկայիս հզորությունները չպահպանելու դեպքում կարող է բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման միջին արժեքը և հավանաբար հանգեցնել էլեկտրաէներգիայի պակասի:

Կարդացեք նաև

«Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակի և կառավարման բարելավումը և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության հետ ավելի լավ կառավարվող ֆինանսական հարաբերությունը կարևորագույն նշանակություն ունեն մատչելի սակագներով բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարումը պահպանելու համար»,- ասում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:

«Կառավարությունը հանձն է առել բարելավել նշված ընկերությունների ֆինանսական կառավարումը և այդ ուղղությամբ արդեն իրականացրել է մի շարք քայլեր, ինչպես արտացոլված է Էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրում»:

Սույն ծրագիրը կապահովի արդյունքային չորս ուղղություն՝

  • կդադարեցվի էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների դրամական միջոցների արտահոսքը հիմնական գործունեությանը չառնչվող ուղղություններով,
  • կնվազեցվեն թանկ առևտրային վարկերը և դեբիտորական պարտքերը և կվճարվի բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ի կրեդիտորական պարտքը,
  • կսահմանվեն էլեկտրաէներգիայի մատակարարման արժեքի փոփոխություններն արտացոլող սակագներ,
  • կպահպանվի Երևանի ՋԷԿ-ի՝ համակցված շոգեգազային ցիկլով (ՀՇԳՑ) կայանի գազատուրբինի արտադրական հզորությունը:

2016 թ.-ի հունվարի վերջից սկսած արտադրող ընկերություններն ի վիճակի էին սկսել վարկերի մարումը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ)՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ միակ ընկերությունից դեբիտորական պարտքերի ստացման շնորհիվ:

ՀԷՑ-ից դեբիտորական պարտքերի հետ ստացումը կտա կուտակված ծախսերը ֆինանսավորելու հնարավորություն՝ կարևորագույն հիմնանորոգման և պահպանման աշխատանքների համար, սակայն կայուն ֆինանսական վիճակի վերականգնման ընթացքում Երևանի ՋԷԿ-ին և ՀԱԷԿ-ին օգնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ դրամական միջոցների ներարկում:

«Ծրագրի շահառուները երկրի բոլոր էլեկտրաէներգիա սպառողներն են, ինչպես նաև արտադրող պետական ընկերությունները և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերությունը: ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի, ինչպես նաև ՀէՑ-ի ֆինանսական առողջությունը կապահովի բավարար միջոցներ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության համար պահանջվող պահպանման և նոր ներդրումների ուղղությամբ անհրաժեշտ ծախսերի մի մասի համար: Ավելին, ցանցին միացած 140 000 տնտեսվարողներ և այլ իրավաբանական անձինք ևս կշահեն, քանի որ Ծրագիրը կօգնի հուսալի կերպով էլեկտրաէներգիայի նրանց պահանջարկի լիարժեք ապահովմանը»,- ասում է Համաշխարհային բանկի ծրագրի ղեկավար Արթուր Կոչնակյանը:

2012-2014 թթ. ՀԷՑ-ի կրած վնասի գումարային մեծությունը կազմել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ պայմանավորված հասույթի պակասով, որը կուտակվել էր իր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով (օրինակ՝ սակավաջուր տարիներ, ՀԱԷԿ-ի՝ սպասվածից երկարատև ընթացիկ պահպանման աշխատանքներ):

Բացի այդ, գործող կանոնակարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) չէր թույլատրում ՀԷՑ-ի սակագնային մարժան ճշգրտել՝ գնված էլեկտրաէներգիայի փաստացի և կանխատեսված արժեքի տարբերությունը սակագնային հաջորդ ժամանակահատվածում լիարժեք արտացոլելու համար:

2015 թ. սակագնային մարժան վերանայվել է՝ նախորդ տարիներին կրած վնասները փոխհատուցելու համար: Առաջիկայում ՀԾԿՀ կվերանայի մեթոդաբանությունը՝ տալով վերը նշված տարբերության հետևանքով կրած վնասի (շահույթի) 100 տոկոսը, ինչպես նաև տոկոսային ծախսը (շահույթը) արտացելու հնարավորություն:

Համաշխարհային բանկը կտրամադրի 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ՎԶՄԲ փոփոխական տարածմամբ (սպրեդով) վարկ՝ 14.5 տարի արտոնյալ և 25 տարի ընդհանուր մարման ժամկետով: 1992 թ.

Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանին ՄԶԸ և ՎԶՄԲ-ն տրամադրել են շուրջ 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս