Բաժիններ՝

«Մյուս տղաս էլ է այնտեղ եղել, նույն տեղում են եղել. Աստված մեկին փրկել է, մեկին՝ տվել հայրենիքին»

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում զոհված Վրեժ Սարգսյանը Զինված ուժերում էր 2013թ.: Վրեժը ծնվել է 1989թ.: Ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքում: Վրեժ Սարգսյանը երկու եղբայր ունի:

«Իմ Վրեժն էլ ծառայել է իր հայրենիքի համար»

Վրեժի հայրը՝ Վարդան Սարգսյանը, պատմում է, որ որդին երկու տարի ծառայել է Զինված ուժերում, ապա 2013թ. սկզբին իր ցանկությամբ անցել է պայմանագրային ծառայության, ծառայել է Արցախում. սիրում էր ծառայությունը: Վրեժը լռակյաց էր. չէր սիրում շատ խոսել. «Ինքը՝ իր ընտանիքի հետ, իր առօրյայով: Դիրքերից իջնում էր՝ իր ընտանիքի, իր երեխու հետ, իր առօրյա գյուղատնտեսական գործերով: Իրենք երբ իջնում էին, ես չէի թողնում, ասում էի՝ դու այնտեղ ես լինում, մենք այստեղ ամեն ինչ կանենք: Դու հայրենիքի պաշտպան ես: Ազնիվ էր, ընկերական շրջապատում սիրվող, հարգվող»:

IMG_0370

վարդան սարգսյան1

«Ծառայել է, զորամասում անուն է ունեցել, հարգանք, շնորհք: Իր բոլոր ընկերները լավ ընկերներ են եղել ոչ միայն՝ այստեղ, այլ՝ մարտական դաշտում՝ դիրքերում: Այսօր մեր ցավը մեծ է, շատ մեծ: Մեր ցավը ոչ ոք չի կարող կիսել, դա անհնար բան է:

Ճիշտ է՝ ցավակցում են, մեր ամբողջ ազգը մեր կողքին է, մենք հպարտանում ենք դրանով, բայց ցավը մեծ է: Եթե ասեմ՝ ինչ-որ մեկը կարող է իմ ցավը բուժել… երբեք չի կարող: Բայց մենք այսօր հպարտ ենք մեր բոլոր նահատակված տղերքի համար, նրանք բոլորը գիտակցելով գնացին: Գիտակցելով գնացին, նահատակվեցին և անմահացան: Արդեն աշխարհն է խոսում իրենց մասին: Այսօր ես մի բան եմ հասկանում՝ մեր ազգը համախմբվել է, դարձել մեկ բռունցք: Դրանով ամեն ինչ ասված է:

IMG_0408

Մենք միշտ այսպես պետք է լինենք թե՛ դժվար, թե՛ նեղ պահերին, թե՛ լայն օրերին: Մի կտոր հաց ենք ուտում՝ միասին ուտենք, չկա, էլի իրար հետ ուտենք: Բոլոր տղաները չեն զոհվել, նրանք անմահացան: Այսօր մենք պետք է իրենց կողքին լինենք, պայքարենք: Ինքն արդեն (խոսքը Վրեժի կնոջ մասին է.- Օ.Հ.) ինձ հարս չէ, աղջիկ է,- ասում է Վրեժի հայրը ու շարունակում,- Նրա համար կարևորն առաջինը հայրենիքն էր… Եթե կա հայրենիք, կա ընտանիք: Հայրենիքն ամեն ինչից վեր է, ամեն ինչից թանկ: Եվ մենք իմանում ենք՝ այդ հայրենիքի համար մեզ վտանգ է սպասվում, բայց այդ վտանգից չենք փախչում: Իրենք, գիտակցելով այդ վտանգը, գնացին և ետ չնահանջեցին:

Նրանց առջև թշնամին էր, մեր ետևում մեր հայրենիքն էր՝ մեր սրբությունը, մեր օջախները, մեր մայրերը, մեր քույրերը: Ես չեմ ցանկանում քաղաքավարությունից դուրս գալով՝ վիրավորել թշնամուն: Մեր դաստիարակությունը մեզ թույլ չի տալիս դա: Մենք հազարամյակների ազգ ենք, 100 կամ 50 տարվա պատմություն չունենք: Մենք հազարամյակների պատմություն ունենք, մեզ ամբողջ աշխարհն է ճանաչում»:
Վրեժի հոր խոսքով՝ մյուս որդին ևս ծառայում է Զինված ուժերում. «Մյուս տղաս էլ է այնտեղ եղել: Նույն տեղում են եղել: Աստված մեկին փրկել է, մեկին՝ տվել հայրենիքին: Իր ազգի համար է գնացել:

Կրկնում եմ՝ մեր ցավը մեծ է: Հավերժ փառք բոլոր ժամանակների զոհված մեր տղերքին: Հազար փառք քառօրյա պատերազմին մասնակցած տղերքին: Չեմ ուզում վիրավորել՝ թշնամին երբեք էլ չի հասկացել մեզ: Մեր ազգը միշտ պատրաստ է եղել, մի բռունցք է եղել: Իմ Վրեժն էլ ծառայել է իր հայրենիքի համար: Եթե ինքը չծառայեր, ազնիվ զինվոր չլիներգ Ազնիվ զինվորներն են ընկնում մարտի դաշտում: Նրանք ազնվորեն կատարեցին իրենց պարտականությունը: Գիտակցելով գնացին ու անմահացան: Գիտեին, որ վտանգն իրենց առաջ է, բայց գնացին, ճանապարհից ետ չդարձան: Բացեցին իրենց դոշը, չվախեցան թշնամուց: Թող թշնամին լավ իմանա՝ մենք պատրաստ ենք, կանգնած ենք՝ հանուն մեր հայրենիքի, մեր սրբության, մեր օջախների»:

IMG_0372

«Ես 27 տարեկան տղա եմ կորցրել. Մեր թշնամին երբեք չի հասկանա»

Վրեժը դիրքերում է եղել, երբ վերջին անգամ խոսել է հարազատների հետ. «Ինչպես միշտ, զինվոր-ծնող կապը կա: Մենք միշտ զանգել ենք՝ տղերք ջան, ո՞նց եք: Պատասխանել են՝ լավ ենք, պապա՛ ջան, մամա՛ ջան: Մենք միշտ այդ լավով իրենց սպասել ենք: Իջնում էին, ուրախություն… Այս անգամ նենգ թշնամին այնպես արեց, որգ Ճիշտ է՝ մենք այսօր չենք կոտրվել»: Վարդան Սարգսյանը նշում է՝ Վրեժը նվիրված է եղել ծառայությանը. «Ծառայել է: Երբեք չի ընկճվել: Դեմը ոչ ոք չի կարողացել առնի: Ասում էր՝ իմ ուղին սա է, ես ընտրել եմ ծառայությունը: Ինչքան հասնում է, կծառայեմ, դուրս կգամ: Բայց նա ժամանակից շուտ գնաց: Հերոսացավ պատերազմի դաշտում: Ինչ էլ ասենք՝ իր հայրենիքի համար է գնացել:

IMG_0388

Ես՝ որպես ծնող, այդպես եմ մտածում, բայց մեր ցավը խորն է: Ես 27 տարեկան տղա եմ կորցրել: Մեր թշնամին երբեք չի հասկանա: Մենք երբեք պատերազմ չենք ուզել, մենք խաղաղություն ենք սիրում: Մենք ուրիշի ընտանիք չենք քանդում: Ոչ մեր ղեկավարներն են պատերազմ ուզում, ոչ մեր ժողովուրդն է ուզում, ոչ էլ Ադրբեջանի ժողովուրդն է ուզում: Պատերազմ Ադրբեջանի իշխանությունն է ուզում: Ի՞նչ ասեմ: Իմ Վրեժը գնացել է, չկա, այսօր մեր կողքին չէ: Նա կենդանի է, բայց ֆիզիկապես մեզ հետ չէ: Նրանք վերևից էլ են մեզ օգնում: Ես՝ որպես ծնող, ցավակցություն եմ հայտնում այն բոլոր ընտանիքներին, որոնց քաջ տղերքը գնացին հանուն իրենց հայրենիքի: Նրանք գնացին, որ մենք այսօր ապրենք»:

Վարդան Սարգսյանի խոսքով՝ Վրեժը ջոկի հրամանատար է եղել: «Իրեն ընկերները սիրել են: Եթե մարդուն սիրում են, հարգում են, ուրեմն՝ ինքն անուն ունի, շնորհք, հարգանք»,- ասում է հայրը՝ նշելով, որ Արցախում զոհված Հարություն Աբրահամյանն ու իր որդին ընկերներ են եղել, միասին են զոհվել:

IMG_0380 IMG_0382

Հ. Աբրահամյանը հարևան Արեգունի համայնքում էր բնակվում: «Միասին են ծառայել, լավ ընկերներ են եղել, նրանց սիրել են, հարգել: Ես իրենից վատ բան չեմ լսել: Ինքը միշտ խոնարհ գնացել, ծառայել է, եկել է: Ու ես դրանով հպարտ եմ, բայց իմ ցավը խորն է: Ես հպարտ եմ, իմ գլուխը բարձր է իմ հայրենիքի, իմ ժողովրդի առաջ: Ճիշտ է՝ ես կապրեմ ցավն իմ սրտում, բայց ես հպարտ եմ: Ես շնորհակալ եմ իմ ազգին, որ համախմբվել է: Վերջապես մենք համախմբվեցինք։ Դա մեզ անհրաժեշտ էր»,- ասում է Վրեժի հայրը:

«Ասում էր՝ չէ, մամա, պիտի գնամ ծառայության, ես սիրում եմ իմ գործը»

Վրեժին նկարագրելիս՝ մայրն ասում է՝ հանգիստ էր, խելոք, նվիրված բանակինգ «Շատ հանգիստ երեխա էր: Միշտ էլ չեմ ուզել, որ գնա, բայց ասում էր՝ չէ, մամա, պիտի գնամ ծառայության, ես սիրում եմ իմ գործը: Ցավս խորն է, ցավս անբուժելի է, չգիտեմ…»: Վրեժը 3 տարի ամուսնացած էր, կինը՝ Նախշունը, 23 տարեկան է: Մոր խոսքով՝ որդու կինն էլ որդու նման խելոք, հանգիստ, հասկացող, ծանրակշիռ է. «Նախշուն չէր ասում, Նխշիկ էր ասում»: Վրեժը 2-ամյա որդի ունի: Մոր խոսքով՝ որդին շատ երազանքներ ուներ. «Այս կանեմ, այն կանեմ: Տուն կդնեմ: Է… Երեք եղբայր են, երեքն էլ՝ միասնական, խելոք»,- ասում է մայրը: Խոսքն ընդհատելով՝ հայրը շարունակում է. «Մի տեղ ենք ապրում, բնական է՝ դժվար է: Ուզում էինք մի բան սարքել, ամեն մարդ առանձին իր անկյունն ունենար, բայց մեր ծրագրերը չար թշնամին… Չեմ ուզում դրանց անուն էլ տամ»:

IMG_0390

Ծնողների նպատակն այժմ Վրեժի որդուն պահել-մեծացնելն է: «Հաշվենք՝ Վրեժին 2 տարեկանից մեծացնում ենք»,- ասաց Վրեժի հայրը:

Վրեժի կինն էլ պատմում է, որ ամուսնու հետ ամեն վայրկյանը հետաքրքիր էր. «Իր կատակի մեջ էլ խորը իմաստ կար, շատ խորը: Կարող է՝ մի քանի օր հետո մտածես, որ իր ասածը ճիշտ էր, այդ պահին տեղին ասաց: Ինքն էրեխուն ծանր էր սիրում, հեռվից, մեծ մարդու նման: Ասում ենք՝ ինչո՞ւ ես այդպես, Վրեժ, այնպես արա, որ երեխան զգա քո ջերմությունը: Ասում էր՝ չէ՛, պիտի մեծի նման սիրեմ, որ ծանր տղա մեծանա, լուրջ: Սիրում էր համեստ, լուրջ»: Որդու հետ կապված շատ պլաններ ուներ:

Ի դեպ, տանը խաղալիքների շարքում նաև տանկ կար: Վրեժի որդին էլ հրաժեշտ տալիս երկար ժամանակ ձեռքով էր անում:

Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վրեժ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:

Վրեժ Սարգսյանի ընտանիքին օգնելու նպատակով նրա եղբոր՝ Վահրամ Սարգսյանի անունով հաշվեհամար  բացվել:

VTB
160 37 01 92 82 700 ՀՀ դրամ
160 37 01 92 82 701 ԱՄՆ դոլար
160 37 01 92 82 702 Եվրո
160 37 01 92 82 703 Ռուբլի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս