«Մտածում եմ, որ Օսկանյանի կուսակցությունը բազմաթիվ առաքելություններ ունի անելու». Վլադիմիր Կարապետյան

«Ես բարի երթ եմ ցանկանում այդ կուսակցությանը, պարոն Օսկանյանն իրավունք ունի նման նախաձեռնությամբ հանդես գալ: Ինչ վերաբերում է ծրագրերին, յուրաքանչյուր կուսակցություն նախ և առաջ՝ պետք է իր ծրագիրը, մոտեցումները ներկայացնի, դրան համարժեք էլ գործողություն արվի: Ես ցանկանում եմ հաջողություն ու մտածում եմ, որ այդ կուսակցությունը բազմաթիվ առաքելություններ ունի անելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ԱԳՆ (Վարդան Օսկանյանի պաշտոնավարման շրջանի) մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին՝ մի կուսակցությունը կարո՞ղ է հասնել իշխանափոխության, թե՞ մի քանի կուսակցություններ պետք է միավորվեն, նա պատասխանեց.

«Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել այդ խնդիրների մասին՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ: Մենք սառեցրել ենք մեր կոշտ քննադատական կեցվածքն իշխանությունների նկատմամբ: Այդ առումով իշխանափոխության հարցն այսօր դրված չէ ՀԱԿ օրակարգում, ամիսներ հետո ընտրական գործընթացներին մոտ ավելի հստակ կլինի պատկերը: Ինչ վերաբերում է մինչապրիլմեկյան իրավիճակին, ապա ես կիսում եմ այն կարծիքը, որ մի կուսակցություն չի կարող ընտրություններում հավաքել այնքան ձայն, որ դառնա իշխանություն՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի ռեսուրսային հնարավորությունը և միահեծան իշխանությունը: Միևնույն ժամանակ, եթե փոփոխություններն Ընտրական օրենսգրքում տեղի ունենան և, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների առաջարկությունն անցնի, դա հավասար պայմաններ կստեղծի արդար և ազատ ընտրություններ անելու համար»:

Ըստ շրջանառվող կարծիքների՝ Վ. Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունն իրականում պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս կապակցությամբ Օսկանյանի մամուլի նախկին խոսնակ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Կուսակցության ղեկավարն ասել է, որ նման բան չկա: Ես հավատում եմ իրեն»:

Տեսանյութեր

Լրահոս