«Թե ում կուսակցությունն է՝ էական չէ, էականն այն է, թե ինչ քայլեր են իրականացվում». Արմեն Մարտիրոսյանը՝ Վարդան Օսկանյանի կուսակցության մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը խոսելով իր հիմնադրած նոր՝ «Համախմբում» կուսակցության մասին՝ ասել էր. «Մենք գտնում ենք, որ խորհրդարանական ընտրությունները շատ ճակատագրական են լինելու, և այդ ընտրություններով որոշվելու է մեր երկրի ապագան ինչ-որ տեղ, դրա համար էլ մենք գտնում ենք, որ առանձին-առանձին քաղաքական ուժերը, ովքեր նույն նպատակն են դրել, շատ դժվար կլինի հաջողության հասնել, դրա համար էլ մենք կոչ ենք անում համախմբման: Մենք նաև ժողովրդին ենք համախմբման կոչ անում»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ արդյո՞ք կհաջողվի «Համախմբում» կուսակցությանը համախմբել ժողովրդին ու քաղաքական ուժերին, ինչպես Օսկանյանն է հայտարարում:

«Մի փոքր դժվարանում եմ պատասխանել, որովհետև միշտ այնպես է ստացվում, որ մի քանի ուժ կողմ չեն լինում, միշտ ինչ-որ խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ նաև անցյալի հետ կապված, դրա համար կհաջողվի՞ իրենց, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Ժամանակը ցույց կտա: Իհարկե, շատ լավ կլինի, որ բոլորս կարողանանք համախմբվել, և այն բացասական արատավոր համակարգը, որ ստեղծել են իշխանությունները, ու մենք էլ մեր փոփոխել չկարողանալով, թողտվությամբ, անտարբերությամբ, որ նպաստել ենք դրան, քանդել է պետք»,- 168.am-ի հարցին այսպես պատասխանեց նա:

Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ որպեսզի կարողանաս համակարգ փոխել, առաջին անհրաժեշտ, բայց ըստ նրա՝ ոչ բավարար պայմանն իշխանությունների հեռացումն է:

Կարդացեք նաև

Հարցադրմանը՝ շրջանառվում են կարծիքներ, որ կուսակցությունն իրականում Ռոբերտ Քոչարյանինն է: Եթե իրականում այս կուսակցության ետևում Ռ. Քոչարյանն է կանգնած, ապա ի՞նչ խնդիրներ է նա ուզում լուծել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

«Թե ում կուսակցությունն է, ես կարծում եմ՝ էական չէ, էականն այն է, թե ինչ քայլեր են իրականացվում: Հանրապետական կուսակցությունն էլ հիմնադրել է Աշոտ Նավասարդյանը, ով անկախության, ինքնիշխանության մասին էր խոսում, Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի պաշտպանության մասին էր խոսում: Ովքե՞ր են այսօր հանրապետականները. բոլոր նրանք, ովքեր Աշոտ Նավասարդյանի տեսլականի հակառակ գործընթացն են իրականացնում:

Այս դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանը կուսակցության հետևում կերևա՞, թե՞ իրենք այլ քաղաքականություն կիրականացնեն, ցույց կտա ժամանակը: Իհարկե, պարոն Օսկանյանը պատրաստված անձնավորություն է, բայց խնդիրն այստեղ այն է, որ ինքն իշխանության մեջ է եղել բավականին երկար ժամանակ, շատ կարևոր հանգուցային կետում, և Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման շատ սխալներ ավոտմատ կերպով իրեն կպչելու են, ու ակնհայտ է, որ շատ ժամանակ իր նկատմամբ այդ հարցադրումները, որոնք իրականացվում են, հենց անցյալի հետ են կապված լինում: Արդյոք այդ հետագիծը կարո՞ղ է չխանգարել իրեն և նոր կուսակցությանը՝ կատարելու քայլեր, ժամանակը ցույց կտա:

Կարծում եմ՝ ցանկացած դեպքում կուսակցության գործունեությունը կարելի է գնահատել իր կատարած քայլերի արդյունքում: Իհարկե, առանձին վերցրած կուսակցականներին էլ՝ իրենց գործողություններում: Բայց մեր գնահատականի, մեր սպասումների մեջ, մեր հավատի ու վստահության մեջ մենք նաև հղում ենք անում անցյալին: Օսկանյանի հրապարակած ցուցակում կան մարդիկ, որոնք ինչ-որ հետագիծ ունեն, նաև՝ դրական հետագիծ, ուստի և սպասենք, տեսնենք՝ արդյոք այդ համախմբումը կկայանա՞, թե՞ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս