«Ես կազանյան փաստաթուղթը չեմ տեսել». Վարդան Օսկանյան
«Մենք գտնում ենք, որ խորհրդարանական ընտրությունները շատ ճակատագրական են լինելու, և այդ ընտրություններով որոշվելու է մեր երկրի ապագան ինչ-որ տեղ, դրա համար էլ մենք գտնում ենք, որ առանձին-առանձին քաղաքական ուժերը, ովքեր նույն նպատակն են դրել շատ դժվար կլինի հաջողության հասնել, դրա համար էլ մենք կոչ ենք անում համախմբման: Մենք նաև ժողովրդին ենք համախմբան կոչ անում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` խոսելով իր հիմնադրած նոր «Համախմբում» կուսակցության մասին:
Նրա խոսքով՝ կուսակցության անունը վաղուց էր որոշված: Ըստ Օսկանյանի` այսպես այլևս շարունակել հնարավոր չէ: Թե ինչո՞ւ պետք է հասարակությունը համախմբվի հենց իր կուսակցության շուրջ, Օսկանյանը պատասխանեց. «Ես չասի միայն մեր շուրջ, ես ասեցի՝ քաղաքական ուժերի շուրջ, որոնց ծրագիրը ժողովուրդը կհավանի, մենք նման հավակնություն ունենք, որովհետև գիտենք, որ ներկայանալու ենք այնպիսի ծրագրով, որ ժողովուրդը տեսնելու է, որ այստեղ իսկապես խնդիրներ են լուծվելու, և փորձելու ենք գնալ այն համախմբանը, որ արդյունքների հասնենք: Մենք շատ հստակ նպատակ ունենք մեր առաջ, կազմակերպվել, ծրագիր ներկայացնել և գնալ հաջորդ խորհրդարանական ընտրություններին, հասնել իշխանության ձևավորմանը»:
Վ.Օսկանյանը հայտարարեց, թե երկրի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, իսկ իրենք դրանք լուծելու առաջարկներ ունեն, որոնք ներկայացնելու են հասարակությանը:
ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազամովի հայտարարությանը, որ եթե ընտրությունները 20 տարի կեղծվել են, ուրեմն Օսկանյանի`որպես ԱԳ նախարար նշանակումն էլ է եղել կեղծ, Վ.Օսկանյանը հակադարձեց՝ ասելով, թե ինքը մշտապես էլ շեշտել է, որ ընտրությունները կեղծվել են, և եթե ՀՀԿ խոսնակը դա չի նկատում, ապա նա առնվազն այլ մոլորակում է ապրում:
Նա պարզաբանեց, թե «կեղծված» ասելով ինքը նկատի ունի այն, որ եթե անգամ տասը ձայն կեղծվել է, ապա ընտրությունները տասը ձայնով շեղվել է իր ընթացքից և եթե կա խախտում, նշանակում է՝ արդյունքը չի արտահայտել ժողովրդի կամքը, ուրեմն կեղծվել է:
«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք փորձելու ենք ներկայանալ որպես առանցքային քաղաքական բևեռ և ընտրությունների օրերին ներակայանանք ժողովրդին որպես իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին: Եվ այս ճանապարհի վրա մենք պատրաստ կլինենք համագործակցելու ցանկացած քաղաքական ուժի, հասարակական կազմակերպության, անհատների հետ, որոնք իսկապես ուզում են հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեսնել արմատական փոփոխություններ»,- ասաց Վ.Օսկանյանը` հավելելով, թե պատերազմի այս օրերին ժողովուրդը, քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպություններն ամեն ինչ մի կողմ դրեցին և մի մարդու նման կանգնեցին մեր բանակի կողքին: Ըստ նրա` ցանկացած շահարկում, որ քաղաքական ուժերը կարող են ապակայունացնել երկիրը, անտեղի են. «Մենք այս փորձն անցանք, ապացուցեցինք մենք մեզ, աշխարհին, որ նման պարագայում, երբ երկրի առաջ լուրջ սպառնալիքներ են լինում, բոլորն անխտիր մի կողմ են դնում իրենց տարակարծությունները և մի մարդու նման համախմբվում են և կանգնում են ժողովրդի և բանակի կողքին»:
Օսկանյանը հայտարարեց, թե Կազանյան փաստաթղթից տեղյակ չէ. «Ուղղակի կազանյան փաստաթուղթը չեմ տեսել»: Նա զարմացավ հարցից, որ ինքը Մադրիդյան սկզբունքներին դեմ է եղել. «Ո՞ր ելույթում եմ ասել»:
Թե որտեղի՞ց է ֆինանսներ գտնելու իր կուսակցության համար, Օսկանյանը պատասխանեց, որ հնարավորինս լայն շրջանակներ է ներգրավելու, որ յուրաքանչյուր անհատ թեկուզ չնչին լումայով մասնակցի և մաս զգա իրեն այդ կուսակցությանը. «Մենք իսկապես ձեռնոց ենք նետելու բոլոր կարծրատիպերին, որոնք առկա են կուսակցությունների նկատմամբ: Ես դիմելու եմ բիզնես շրջանակներուն, հանդիպումների համալսարաններում ուսանողական շրջանակների հետ, մենք պետք է հասարակությանը իրոք ներգրավենք քաղաքական գոծընթացներում: Մենք ձևացնում ենք, թե ժողովուրդը կարող է առաց վախենալու մասնակցել քաղաքական գործընթացներին, բայց դա իրոք այդպես չէ: Ես ձեռնոց եմ նետելու այդ խնդրին և փորձելու եմ այդ դաշտը բացել»:
Օսկանյանը մարտահրավեր անվանեց, որ բիզնես շրջանակները կանգնած են իշխանության կողքին ու հայատարարեց, թե փորձելու է «ջարդել» դա, քանի որ չեն կարող բոլոր բիզնես շրջանակները միահամուռ իշխանության կողքին լինեն, գործարարները տարբեր շահեր ունեն. «Կուսակցությունը ծրագիր է դնում էապես կրճատել ՓՄՁ հարկերը, կարծում եմ, այդ շրջանակի բոլոր մադիկ պետք է շահագրգիռ լինեն, որ մենք գանք իշխանության»: