
«Գազպրոմ Արմենիան» կդիմի ՀԾԿՀ՝ 1 խմ գազի սակագինը 156 դրամից 146,7 իջեցնելու մտադրությամբ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հայտով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ:
«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է հայտ ներկայացնել նաև ամսական 10 հազար և ավելի խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի վերանայելու նպատակով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ընկերությունից հայտ դեռ չի ստացվել: