Հերմինե Նաղդալյանի արդարացումները՝ «Պատվիրակությունը շատ ծանրաբեռնված է աշխատել»

ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության գլխավոր նպատակը եղել է ճիշտ տեղեկատվություն ներկայացնել և թույլ չտալ, որ Ադրբեջանի սուտ տեղեկատվությունը տարածվի, և հայկական պատվիրակության աշխատանքը շատ արդյունավետ է եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
«Պատվիրակությունը շատ ծանրաբեռնված է աշխատել և ամբողջ կազմով ներգրավված է եղել, օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ելույթներ են եղել` կապելով քառօրյա պատերազմի հետ»,- ասաց Հ.Նաղդալյանը:

Նա նշեց, որ եվրոպական 10-ից ավելի ազգային պատվիրակությունների հետ հանդիպել են և փաստագրական նութերով ներկայացրել են իրական իրավիճակը, գխավոր հարցերն են եղել ` ո՞վ է նախահարձակ եղել, ինչպիսի՞ զենքեր են կիրառվել, հումանիտար իրավունքի խախտումները, բնակչության իրավունքի խախտումները, ԵԽ հանդեպ պարտավորությունների խախտումները: Հ.Նաղդալյանը նշեց, որ փաթեթ է հանձնվել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ինչպես միշտ, այս անգամ ևս ԵԽ ԽՎ-ում աշխատանքը երկու ուղղություն է ունեցել` հրապարակային և ոչ հրապարակային, և երկուսն էլ խիստ արդյունավետ են եղել: Ըստ նրա` մեկ բան հստակ է, դա նաև վկայում է ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի տարածած հայտարարությունը, որով փորձ է արվում միակողմանիորեն չեղարկել 1994 թ. եռակողմ անժամկետ համաձայնագիրը:

«Սա ադրբեջանական ամբողջ ծրագրի հատվածն է, իսկ ամբողջ ծրագիրն այն է, որ Ադրբեջանը գնում է ԼՂ հակամարտության ռազմական հանգուցալուծման»,- ասաց Ն. Զոհրաբյանը` հավելելով, որ Ադրբեջանն այդ մասին ունի քաղաքական որոշում, դա է վկայում նաև հիմա ամեն օր սահմանին չթույլատրված զենքի կիրառումը:
Ն.Զոհրաբյանը կարևորեց, որ միջազգային հանրությանը պետք է փաստարկված հասցնել, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է: Նա վստահեցրեց, որ եվրոպական տարբեր պատվիրակություններ հստակ դիրքորոշում կարտահայտեն և Ադրբեջանին ագրեսոր կկոչեն:

Տեսանյութեր

Լրահոս