Գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով. Վլադիմիր Գասպարյան
Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի եւ վառելանյութի հետ։ Այս մասին գիշերը լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատեց նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։
«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց Ոստիկանության պետը։ Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշեց, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։ «Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելեց Գասպարյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։
Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 անձ, որոնցից մեկն արդեն դուրս է գրվել։