«Տերյան մշակութային կենտրոնը» կազմակերպում է տարազներով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
«Տերյան մշակութային կենտրոնը» կազմակերպում է կենտրոնի վարպետների ստեղծած հայկական ավանդական հագուստները՝ տարազները կրող հայ աղջիկների ու տղաների երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի նշան ազգային վերածննդի:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից՝ հավելելով. «Տարազները խորհրդանշում են Պատմական Հայաստանի 15 աշխարհները: Երթը մեկնարկելու է ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին:
«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿն 2000-ականների սկզբից ի վեր ծավալում է մշակութային, գրական, կրթական, հրատարակչական, ազգագրական, ազգապահպան, գիտահետազոտական, հայագիտական, հոգևոր արժեքների տարածման և քարոզման գործունեություն:
«Տերյան մշակութային կենտրոնը» 2007-ից հայտնի է գերազանցապես որպես հայկական ազգային հագուստներն ու հայկական ավանդական ասեղնագործությունը վերականգնող, հնի հիմքի վրա նոր ոճավորված հագուստներ ստեղծող կենտրոն, որի մասնագետների ձեռքերով արդեն իսկ ստեղծվել են թանգարանների օրիգինալ նմուշների կրկնօրինակներ հանդիսացող, 1620-րդ դարի սկզբի հայկական միջավայրի ազգային հագուստների (տղամարդու և կանացի) վերականգնված տարբերակները՝ համապատասխան շրջանների (Վան/Վասպուրական, Արցախ/Սյունիք, Երևան և այլն), որոնք կրում են հայկական ավանդական ասեղնագործության կարատեսակներով ստեղծված զարդանախշեր:
Կենտրոնը, կազմակերպելով իր վերականգնված տարազների հավաքածուի պարբերական ցուցադրություններ, հասարակության տարբեր շերտերին ճանաչելի և սիրելի է դարձնում հայկական տարազը: Բացի այդ, ներկայացնելով նաև դրանց հիմքի վրա ստեղծված ոճավորված հագուստները՝ նպաստում է, որպեսզի հայկական ազգային հագուստի տարբեր տարրերը մուտք գործեն արդի հայի կենսակերպ, և ժամանակակից մտածողության տեր հայը կարողանա դրանք կրել մեր օրերում տարբեր առիթների:
Կենտրոնը տարիներ շարունակ կատարում է հայ ազգային հագուստի, մանրանկարչության, գորգերի, կարպետների, ասեղնագործության բազմակողմանի ուսումնասիրություն: Կենտրոնը 2012-ից ներկայացնում է իր հագուստները ցուցահանդեսների և ցուցադրությունների միջոցով հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում` Պերմում, Սանկտ Պետերբուրգում, Մադրիդում, Մոսկվայում, Բրյուսելում, Դուբլինում և այլուր: