
Ջորջ Քլունին այցելել է UWC Dilijan քոլեջ

«Ավրորա» մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին այսօր այցելել է UWC Dilijan քոլեջ, ուր նա հանդիպել է լիբանանցի Պամելա Թեբչրանիի հետ՝ 100 Lives-ի հիմնադրած՝ Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողուհու հետ:
Հիշեցնենք, որ Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի միջոցով յուրաքանչյուր տարի Միջազգային բակալավրիատ ծրագրով Լիբանանից մեկ աշակերտուհի կսովորի Դիլիջանի քոլեջում:
Կրթաթոշակը կշնորհվի օրինակելի ակադեմիական ունակություններ և մարդու իրավունքների ու միջազգային հարցերի շուրջ հետաքրքրություն դրսևորած մասնակցին:
Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակի մասին հայտարարվել է 2015 թվականի դեկտեմբերին. «Այս կրթաթոշակը երիտասարդ լիբանանցի աղջիկներին կտա կյանքի ամենամեծ հնարավորություններից մեկը: Միջմշակութային կրթությունը և արտասահմանում սովորելը կարող է բեկումնային փոփոխություն ունենալ նրանց կյանքում: Ես շնորհակալ եմ «100 կյանք» նախագծին՝ երիտասարդ և պայծառ երիտասարդների առջև նոր դռներ բացելու համար»,- այն ժամանակ ասել էր Ամալ Քլունին:
Լուսանկարները՝ 100 Lives-ի