«Գյումրիին խոստացված 23 մլն եվրոն չի կորել». Սամվել Բալասանյան
Գյումրիին խոստացված 23 մլն եվրոն չի կորել: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Գնալու եմ Լոնդոն վարկի փաստաթղթերը ստորագրելու: ՄԲ դեսպանատան կողմից այցի թույտվությունը ստանալուց հետո կմեկնենք մասնակցելու համաժողովի: Այցի ընթացքում նաև այդ վարկի հետ կապված փաստաթղթերը կստորագրվեն: Թող այդ 23 մլն եվրոյի հետ կապված անհանգստություն չլինի: Ամեն ինչ ըստ ժամանակացույցի և ընթացակարգի է գնում: Ինձ թվում է, սեպտեմբերին արդեն աշխատանքները կմեկնարկեն, քանի որ նաև ԱԺ-ի կողմից վարկի տրամադրման հաստատման կարիքը կլինի: Շատ արագ կկազմակերվի նաև այդ գումարի շրջանակներում իրականացվող աշխատանքների մրցույթ. արագացնենք, որ մինչև ձմեռ իրականացվեն»,-նշեց Սամվել Բալասանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեկտեմբերի 4-ին քննարկել էին քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները« որոնց լուծման ուղղությամբ նախագահը մի շարք հանձնարարականներ էր տվել: Նախագահն այդ հանդիպման ժամանակ նշել էր, որ Գյումրիում իրագործվելու է 23 մլն եվրո վարկային ծրագիր, եւ գումարն ուղղվելու է քաղաքի փողոցների բարեկարգմանն ու լուսավորությանը:
Արմենուհի Մխոյան