Բրյուսելում ահաբեկիչների թիրախը եղել են կոնկրետ չվերթների ուղևորներ
Բրյուսելի օդանավակայանում մեկ ամիս առաջ ահաբեկչական գործողություն կատարած մահապարտ-ահաբեկիչները գործել են որոշակի միտումով. որպես թիրախներ նրանք ընտրել են Իսրայել, Ռուսաստան եւ ԱՄՆ մեկնող ուղեւորներին, ապրիլի 22-ին պնդում է Derniere Heure թերթը:
«Կայարանի շենք մտած երեք ահաբեկիչները չէին պատրաստվում հարված հասցնել աննպատակ: Իրենց թիրախները նրանք որոշել էին: (Տեսահսկման խցիկների տեսագրություններում) երեւում է, թե ինչպես են նրանք նախ ուսումնասիրում ավիաչվերթների մեկնումների լուսատախտակը, իսկ այնուհետեւ միտումնավոր գնում դեպի այն ուղեւորների գրանցման կանգնակները, որոնք մեկնում են Իսրայել, Ռուսաստան եւ ԱՄՆ»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք զբաղվել են Բրյուսելի օդանավակայանում տեսահսկման խցիկների տեսագրությունների վերլուծությամբ:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել մարտի 22-ի առավոտյան: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել փոքր-ինչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 32 մարդ, ավելի քան 300-ն ստացել է տարբեր աստիճանի ծանրության վերքեր: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: