Բաժիններ՝

Մեծ հնարավորություններ են ի հայտ եկել համագործակցությունն ընդլայնելու համար. Արծվիկ Մինասյան

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելուց հետո մեծ հնարավորություններ են ի հայտ եկել համագործակցությունն ընդլայնելու համար: Այս մասին այսօր մեկնարկած «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Նախ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելը և արտահանելը, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների ուղղակի ներգրավումը իրանական շուկայում: Ելնելով դրանից` մենք իրանական կողմին առաջարկել ենք մի խումբ ապրանքատեսակների ցանկ, որպեսզի իջեցված մաքսադրույք սահմանվի: Դա թույլ կտա, որ հայկական ապրանքները ցածր մաքսադրույքով մուտք գործեն Իրանի շուկա: Դրանից բացի առաջարկել ենք, որ Հայաստանը դիտարկվի իրանական և եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր` հնարավորություն տալով եվրոպական տեխնոլոգիաների և իրանական կապիտալի մասնակցությամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ»,-ասել է Արծվիկ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ, առաջիկայում Իրանում սպասվում է հայկական ապրանքների և Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդես:

Ըստ Արծվիկ Մինասյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 ձեռնարկություն արդեն մուտք է գործել իրանական շուկա և բարեհաջող գործում է: Նախարարի կարծիքով, ոչ պակաս կարևոր է զբոսաշրջության ոլորտում քայլեր ձեռնարկելը:

Մասնավորապես, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար: Առաջիկայում նախատեսվում է հանել Իրանից Հայաստան եկող ավտոմեքենաների համար սահմանված տուրքը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս