«Այո, մանթաշյան ոճի խավը կա». Արսեն Ղազարյանը՝ ԼՂՀ-ին աջակցելու գործարարների արձագանքների մասին
Գործարարներն արձագանքել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության` Արցախին ու Հայոց բանակին աջակցելու կոչին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Գործարարներին ուղղված մեր կոչը մեծ արձագանք է ստացել: Բազմաթիվ գործարարներ արձագանքել են, օգնելու իրենց պատրաստակամությունն են հայտնել: Նախատեսում ենք մեկ ամիս հետո ամփոփել այդ գործընթացը, եթե, իհարկե, իմ գործընկերները համեստություն չանեն և չցանկական իրենց անունը նշել: Կարող եմ վստահաբար ասել, որ այն խավը, որի մասին շատ ենք խոսում, և ուզում ենք, որ այն ձևավորվի, կա: Այո, մանթաշյան ոճի խավը կա: Ես տեսնում եմ, որ իմ գործընկերները միանվագ գործարքով չեն սահմանափակվում, այն շարունակական բնույթ է կրում: Կարծում եմ, որ այսուհետ մեր բարեգործական ծրագրերում առանձին ծախսային հոդվածով պետք է լինի այն, ինչին մենք պարտական ենք մեր ֆիզիկական գոյության համար»,- ասաց Արսեն Ղազարյանը: