Բաժիններ՝

«Լավրովը գալիս է շոշափելու, թե մենք որքանով ենք պատրաստ զիջումների»

Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, այսօր երեկոյան Երևան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ Ձեզ՝ նա ի՞նչ է փորձելու տանել Երևանից:

– Առաջինը՝ իրենք մինչև Լավրովի գալը շոշափեցին մեր հասարակության դիրքորոշումը, կարծիքները՝ ռուսական մամուլում մի քանի նյութեր տպելով՝ կապված Ղարաբաղի հետ. լուծման տարբերակներ, և այլն: Եվ հաշվի առնելով, որ Ռուսաստանի լրատվամիջոցները գտնվում են բավականին ուժեղ վերահսկողության տակ, ակնհայտ է, որ դա ռուսական իշխանության կողմից տեղեկատվական արտահոսք էր: Այսինքն՝ մինչև Լավրովի գալը մեր հասարակության տրամադրությունների շոշափումը եղել է: Չեմ կարծում, որ զորքերի դուրսբերման, տարածքներ տալու մասին խոսք կլինի, բայց ինքը գալիս է իմպուլս տալու և բանակցային գործընթացը տեղից շարժելու համար: Ռուսաստանի շահն այդտեղ պարզ երևում է, Ռուսաստանն այս պատերազմից հետո ուզում է շահած դուրս գալ: Ի՞նչ առումով շահած դուրս գալ: Պարզ է, որ Ռուսաստանը չէր ուզում, որ մեծ պատերազմ լինի, և հենց այդ պատճառով էլ Ռուսաստանն առաջինն էր, որ հստակ ասաց, որ անթույլատրելի է, որ պատերազմական գործողությունները շարունակվեն, և այլն: Բայց մյուս կողմից՝ քանի որ այդ չորսօրյա պատերազմը եղավ, իրենք հիմա ուզում են օգտվել և ստանալ որոշ դիվիդենտներ, օրինակ՝ փորձեն դրդել Ադրբեջանին մտնել Եվրասիական տնտեսական միություն, կամ փորձել Ադրբեջանի այն ծրագրերը, որոնք նախատեսված են նաև էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում, Ռուսաստանի միջոցով անցկացնել: Ուզում են որոշակի շահույթ ունենալ, և պարզ է՝ իրենք գիտեն, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Ադրբեջանը Հայաստանից ուզում է ինչ-որ կոնկրետ զիջումներ: Հիմա նրանք գալիս են շոշափելու, թե մենք դրան որքանով ենք պատրաստ: Չեմ կարծում, որ իրենք գալիս են մեզ ճնշելու, բայց ամեն դեպքում՝ Ռուսաստանը կփորձի շահել այս իրավիճակում:

– Հնարավո՞ր է արդյոք, որ առանց Հայաստանի համաձայնության՝ Ադրբեջանն այնուամենայնիվ դառնա ԵՏՄ անդամ:

– Դե յուրե առանց Հայաստանի ոչ մի տարբերակ չկա: Դա մի միություն է, որտեղ բոլոր անդամներն ունեն վետոյի իրավունք, այդ թվում՝ Հայաստանը, որը կարող է բլոկ անել Ադրբեջանի անդամակցությունը: Բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է անդամակցել ԵՏՄ-ին: Ադրբեջանը կանդամակցի միայն մի դեպքում, եթե լուրջ փոփոխություն լինի Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների հարցում: Քանի որ այդ փոփոխությունները, իմ կարծիքով, չեն լինի, ո´չ մեր իշխանությունները, ո´չ էլ մեր հասարակությունները տրամադրված չեն դրան, իսկ այս չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի, Արցախի հասարակությունները և բանակները համախմբված են, շատ դժվար է այդ գործոնն անտեսել, և միայն ճնշելով մեր իշխանություններին՝ չեն կարող հասնել ինչ-որ արդյունքի: Ռուսաստանն այստեղ շոշափելով ու հասկանալով, որ անհնար է ինչ-որ փոփոխությունների հասնել Հայաստանի քաղաքականության մեջ, չեմ կարծում, որ կշարունակի ճնշել: Բայց, այնուամենայնիվ, վտանգներ կան, պետք է ուշադիր լինենք, որ Ռուսաստանը չկարողանա ինչ-որ բաներ մեզ պարտադրել: Ամենակարևորը, իմ կարծիքով, մենք պետք է միշտ պատրաստակամություն ցուցաբերենք բանակցությունները վերսկսելու: Ոչ թե զիջումների գնալ, այլ վերսկսել բանակցությունները, բայց շատ հասարակ պայմաններով՝

1) Ղարաբաղը պետք է դառնա բանակցության մասնակից, քանի որ Լավրովը, գալով այստեղ, ինչ-որ խնդիրներ, պարզ է, որ կդնի, բայց առանց Ղարաբաղի՝ անհնար է որևէ առաջընթաց,

2) առանց վստահության մթնոլորտ ստեղծելու՝ չի կարելի ոչ մի խնդիր լուծել: Առանց շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու և սարքավորումներ տեղադրելու, որոնք ֆիքսում են, թե ով առաջինը զինադադարը խախտեց, ես կարծում եմ, որ անիմաստ է բանակցել Ադրբեջանի հետ: Ու քանի որ այդ պահանջները՝ դիպուկահարների դուրսբերման և շփման գծում սարքավորումների տեղադրման, մեր և Մինսկի խմբի պահանջներն են, մենք պետք է պնդենք, որ դրանք կատարվեն, դրանից հետո մենք պատրաստ ենք բանակցել: Բայց ի սկզբանե սկսել ինչ-որ տարածքների մասին խոսել, դա, ես կարծում եմ՝ անիմաստ է: Եթե մեր դիվանագիտությունն այս ձևով հարցերն առաջ տանի, ես կարծում եմ՝ նորմալ կլինի և ոչ մի վտանգ չի լինի: Եվ ինչպես ցույց են տալիս այն հաղորդագրությունները, որոնք ՀՀ արտգործնախարարությունը վերջին ժամանակներս տարածում է, ես տեսնում եմ, որ, այո, այս ուղղությամբ է գնում մեր քաղաքականությունը: Պարզ է, մեզ ճնշելու լծակներ Ռուսաստանն ունի, կարող է փորձի ճնշել մեր իշխանություններին, բայց չի կարողանա ճնշել մեր հասարակություններին ու բանակներին, որոնք ցույց տվեցին, որ ճգնաժամի պահին մենք համախմբվում ենք և լուրջ ուժ ենք դառնում:

– Պարոն Գրիգորյան, սակայն, ինչպես սեպտեմբերի 3-ին ՌԴ-ին հաջողվեց ճնշել ՀՀ իշխանություններին, և արդյունքում՝ Հայաստանը ԵՏՄ անդամ դարձավ, հնարավո՞ր է՝ ինչ-որ լուրջ լծակ գտնեն և կարողանան այս դեպքում էլ իրենց ուզածին հասնել:

– Ես համոզված չեմ, որ մեզ այդքան ուժեղ ճնշում էին սեպտեմբերի 3-ին: Ես կարծում եմ, որ կարող է Ռուսաստանը համոզում և մի քիչ ճնշում էր, բայց, այնուամենայնիվ, դա համընկնում էր մեր իշխանությունների ցանկություններին, և, երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ-ն հրաժարվեց ԵՄ ինտեգրումից, դա նաև իշխանությունների որոշումն էր: Այժմ էլ կարող են լծակներ գտնել՝ ճնշելու մեզ, բայց այդ դեպքում իշխանությունները պետք է հասկանան, որ լուրջ ճգնաժամ կսկսվի Հայաստանում, շատ լուրջ ճգնաժամ: Ես չեմ կարծում, որ իշխանությունները դա չեն հասկանում: Համոզված եմ, որ կփորձեն դիմադրել: Եթե լուրջ լծակներ կան, որոնց մասին մենք չգիտենք, վստահ եմ, որ ճիշտ կլինի՝ իշխանությունները հասարակության հետ կիսվեն, ասեն, այդ դեպքում հասարակությունը կարձագանքի ու կաջակցի իշխանություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս