iPhone-ի վաճառքները կտրուկ անկում են արձանագրել

Apple ընկերության iPhone սմարթֆոնների վաճառքները, 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատությամբ նվազել են 43,8 տոկոսով եւ կազմել 42 մլն սարք: Այս հաշվարկները կատարել է TrendForce վերլուծական ընկերությունը:

«iPhone 6S-ի վաճառքները թույլ էին, քանի որ մոդելը չունի որեւիցե նոր հետաքրքիր գործառույթ եւ նոր հնարավորություններ»,- նշում են վերլուծաբանները: Դրա հետ մեկտեղ TrendForce-ը, 2016 թվականի արդյունքներով, Apple-ի հեռախոսների վաճառքի կանխատեսումն իջեցրել է մինչեւ 213 մլն հատ (2015 թվականի համեմատությամբ նվազումը՝ գրեթե 10 տոկոս):

Վերլուծական ընկերության գնահատմամբ՝ Apple-ի սմարթֆոնների շուկայի բաժինը նվազել է 6,5 տոկոսով եւ 2016 թվականի հունվար-մարտին կազմել 14,4 տոկոս: Այդ ֆոնին Samsung-ի հեռախոսների բաժինն աճել է 5,7 տոկոսով եւ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով կազմել 27,8 տոկոս:

Samsung-ի հեռախոսների վաճառքները հաշվետու ժամանակաշրջանում աճել են 2,5 տոկոսով՝ մինչեւ 85 մլն հատ:

iPhone 6S-ի եւ iPhone 6S Plus-ի վաճառնքերն աշխարհում սկսվել են սեպտեմբերի 25-ին, առաջին երեք օրվա ընթացքում վաճառվել է 13 մլն սարք: Շարքի հիմնական նորամուծությունը 3D Touch տեխնոլոգիան է, որը սմարթֆոնին թույլ է տալիս տարբերել հպման ուժը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս