Բաժիններ՝

«Այստեղ պետք է 3-4 հոգու փոխարեն աշխատել, որպեսզի հնարավոր լինի պահել ընտանիքը, մեքենա վարել ու գրասենյակ վարձել»

Սիրիահայ Ջիմի Հաջարը Հայաստանը հիանալի երկիր է համարում լուսանկարչությամբ զբաղվելու համար: Նրա համոզմամբ՝ այստեղ բնությունն ուղղակի հիասքանչ է, ամեն անկյունում կարելի է մի գեղեցիկ նկար ստանալ: «Որտեղ էլ Հայաստանում կանգնես, գեղեցիկ պատկեր կստանաս, ստեղծագործելու, նկարելու համար տրամադրող միջավայր է, իսկ դա շատ է օգնում գեղեցիկ լուսանկարներ ստանալու հարցում»,- ասում է նա: Լուսանկարիչը, ով Հալեպից է, ասում է, որ Սիրիայում ևս կան գեղեցիկ վայրեր, բայց դրանց հասնելն ավելի ավելի բարդ է, քան, ասենք, Երևանից՝ Հայաստանի ցանկացած անկյուն:

Ջիմին Հալեպից Հայաստան տեղափոխվել է 2014 թ. մարտին: Նա պատմում է, որ պատերազմի առաջին 2-3 տարիներին կնոջ հետ փորձել է դիմանալ պայմաններին, բայց ի վերջո նրանք ստիպված են եղել լքել Սիրիան: Սկզբում Ջիմմին Հայաստան է ուղարկել կնոջը, ապա 8 ամիս անց ինքն է տեղափոխվել: Այդպես, Հայաստանում է ծնվել Ջիմիի առաջին երեխան, ով արդեն 2 տարեկան է:

Ջիմին Հալեպում նույնպես զբաղվում էր լուսանկարչությամբ: Թե այնտեղ, թե Երևանում նա լուսանկարում է ուրախ հանդիսություններ, բայց տարբեր երկրներում նույն աշխատանքի մեջ զգում է որոշակի տարբերություններ: «Սիրիան բազմազգ ու բազմակրոն երկիր է, ուստի լուսանկարների բնույթը ինչ-որ առումով ավելի բազմազան էր»,- մանրամասնում է լուսանկարիչը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա կարծում է, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ Հալեպում պետք է լինել ավելի ճարպիկ ու ճկուն:

Երևանում Ջիմին հաճախ է նկարահանում ճանաչված ու անվանի մարդկանց, բայց խոստովանում է, որ երբեմն ոչ բոլորին է ճանաչում: Իր գործում Ջիմիին օգնում են ևս 12 հոգի՝ լուսանկարիչներ, օպերատորներ ու մոնտաժողներ:

Լուսանկարչի գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է. աշխատում է օրական 20 ժամ, այլ զբաղմունքի ժամանակ պարզապես չունի: Ազատ օրերին, երբ նկարելու ոչինչ չունի, անձամբ նստում և մշակում է լուսանկարները, տեսաշարերը: «Քանի որ նկարում եմ տարբեր ուրախ առիթներով կազմակերպված միջոցառումներ ու հանդիսություններ, գրեթե ամեն օր զբաղված եմ լինում, գործս միշտ շատ է»,- նշում է սիրիահայը: Նա չի թաքցնում նաև, որ կրթությամբ լուսանկարիչ չէ, բայց շատ վաղուց է այս գործով զբաղվում՝ 22 տարի: Տարիների ընթացքում ինքնուրույն սովորել ու զարգացրել է իր մեջ եղած պոտենցիալը:

Ջիմիին իր աշխատանքից չի դժգոհում և փոխելու մտադրություն չունի. զբաղվում է իր սիրած գործով: Ցավում է միայն, որ արդյունքում ընտանիքին տեսնելու ժամանակ շատ քիչ է ունենում: «Երեխայիս գրեթե միշտ քնած եմ տեսնում, լավագույն դեպքում՝ մեկ ժամ»,- ասում է լուսանկարիչը: Նա նշեց, որ կինը կրթությամբ գրաֆիկ դիզայներ է և լուսանկարչության ոլորտում իրեն խորհուրդներով շատ է օգնում: Հիմա չի աշխատում, քանի որ խնամում է փոքրիկին. երեխան շատ չարաճճի է, արդեն եկող տարի գնալու է մանկապարտեզ:

Սիրիահայ լուսանկարիչն ասում է, որ Երևանում իրեն գնահատված է զգում: «Եթե շնորհք ունես, էությամբ լավ մարդ ես ու արժեքավոր գործ ես անում, բոլորը շատ լավ կվերաբերվեն: Հայաստանի ժողովուրդն այդպիսինն է»,- կարծում է լուսանկարիչը:

Նա ասում է, որ Երևան տեղափոխվելիս մեծ խոչընդոտների ու դժվարությունների չի բախվել, բայց Հայաստանում աշխատելն ունի իր բարդությունները: «Այստեղ պետք է 3-4 հոգու փոխարեն աշխատել, որպեսզի հնարավոր լինի պահել ընտանիքը, մեքենա վարել ու գրասենյակ վարձել. աճելու համար ժամանակ է հարկավոր»,- բացատրում է նա: Այնուամենայնիվ, Ջիմիի լուսանկարչական ընկերությունը, որ գործում է արդեն 1,5 տարի, իր կարծիքով՝ ժամանակի ընթաքում թափ է հավաքել, և ինչն ամենակարևորն է՝ այստեղ նա իրեն հանգիստ ու տանն է զգում:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Ջիմին իր ընտանիքի հետ ցանկություն չի ունեցել մեկնել Եվրոպա, ինչպես դա անում են հազարավոր սիրիացիներ: «Եվրոպա մեկնելիս մարդիկ փախտսական են դառնում, իսկ Հայաստանը մեր հայրենիքն է, ինչո՞ւ ստանալ փախստականի կարգավիճակ, եթե կարող ես վերադառնալ նախնիներիդ տուն»,- ասում է սիրիահայը:

Անդրադառնալով շփման գծում վերջին շաբաթների ռազմական գործողություններին ու խիստ լարված իրավիճակին՝ լուսանկարիչն ասաց, որ նրանք պատերազմական վիճակի սովոր են: «Այնտեղ արդեն կռվել ենք, պատրաստ ենք կռվել նաև մեր հայրենիքում: Դա մեզ չի խանգարի մնալ Հայաստանում»,- եզրափակեց Ջիմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս