«Հանցագործության գործիքն իշխանությունները պահում են իրենց ձեռքում»
2017թ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններին կլինի այն, ինչ եղավ Հրազդանի և Թալինի ընտրություններում: Այս կարծիքին է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող «4+4+4» ֆորմատով քննարկումների ձախողման մասին՝ նշեց, որ իրենց համար իշխանությունների զիջումները բավարար չէին:
«Իշխանության ներկայացուցիչները, կարծես, առաջարկեցին իրենց կարծիքով՝ որոշակի զիջումներ, որոնք կարող էին ավելացնել հասարակության վստահությունը, բայց մեր կարծիքով՝ այդ առաջարկները բացարձակապես բավարար չէին, և մենք չէինք կարող համարել, որ մեր պահանջները բավարարված են: Մասնավորապես՝ 2 զիջում առաջարկվեց ամրագրել օրենքով, դա մատնահետքով քվեարկությունն էր, և ոչ պաշտոնական փաստաթղթով՝ ընտրացուցակում ընտրողների հերթական համարների տրամադրումը: Բայց մենք չենք կարող դա համարել բավարար, որովհետև այդ էլեկտրոնային համակարգը տարբեր ընտրական խախտումներին լուծում տալն է, մասնավորապես՝ դա կարող է լուծել բազմակի քվեարկության խնդիրը, բայց դա ընդամենը մեկ խնդիր է լուծում: Բազմաթիվ փորձագետներ նշեցին, որ էլեկտրոնային համակարգն ինքնին ոչ թափանցիկ, ոչ տեսանելի է դարձնում մի շարք գործընթացներ, ու դրանով այն չի կարող որևէ այլ կերպ ավելի թափանցիկ դարձնել այդ գործընթացը, դրա համար զուտ մատնահետքերով գաղափարը մենք չէինք կարող առանձին վերցված ընդունելի համարել»,- ասաց Ս. Այվազյանը:
Ինչ վերաբերում է քվեարկությունից հետո ընտրողների հերթական համարների տրամադրմանը, ապա դա, Ս. Այվազյանի խոսքով, իրենք չեն համարում զիջում, որովհետև այսօր էլ իրենց դիտորդները կարողանում են պատշաճ դիտորդության արդյունքում հավաքել այդ տվյալները:
Ս. Այվազյանը նշեց, որ իրենք ընտրացուցակների հրապարակման մասին շատ են խոսում, որովհետև դա ընտրախախտման հիմնական գործիքներից մեկն է. «Բոլորը գիտեն՝ դա հանցագործության գործիք է, հիմա մենք ասում ենք, որ ապացուցեք, որ չեք օգտագործում այդ գործիքը, իրենք բերում են տարբեր առաջարկներ, այլ գործիքներ են ներմուծում, բայց այդ գործիքը պահում են իրենց ձեռքում կրկին»:
Նա նաև նշեց, որ իշխանությունների կողմից ի սկզբանե մերժվել է նաև համամասնական փակ ցուցակով քվեարկության առաջարկը, և նույնիսկ առանձնապես մեծ քննարկում էլ չի եղել դրա շուրջ. «Հիմա հասկանալի է, որ դա լինելու է մյուս գործիքը, որը կիրառվելու է ընտրությունների ժամանակ, այսինքն՝ քրեական հանցագործները, թաղային հեղինակությունները, մարզային հանցագործ իշխանություններն իրենց բոլոր վարչական, ֆինանսական ռեսուրսները ներդնելու են և ընտրակաշառքների միջոցով՝ կարողանալու են ներազդել ընտրողների վրա: Դրա վառ ապացույցն էր վերջին 2 օրերին կայացած Թալինի և Հրազդանի ընտրությունները, այսինքն՝ այդ գործընթացը շարունակվելու է, և պառլամենտական ընտրություններում մենք այն ունենալու ենք ամբողջ Հայաստանի տարածքում»: