Քրեական դատավարության մասնակիցը հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով խուլիգանություն կատարելու համար մեղադրվող Հայկ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 19-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան իր նկատմամբ գործադրել են բռնություն՝ ոստիկաններից մեկը քաշքշել է իրեն, հարվածել, իսկ մյուս ոստիկանը՝ ոտքով հարվածներ է հասցրել` գցելով գետնին: Ոստիկանների ապօրինի գործողություններից շփոթված, ինքը դիմել է փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության նույն ծառայողների կողմից և տեղափոխվել ոստիկանության բաժին:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: