Բաժիններ՝

«Պարտավոր ենք գիտության ոլորտը դիտարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից». Հովիկ Աբրահամյան

Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձրտեխնոլոգիական ոլորտների զարգացման ապահովումը, այդ իսկ պատճառով գիտության ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք ունենք հստակ մշակված քաղաքականություն, և այսուհետ ևս, մեր հետևողական ջանքերը ուղղված են լինելու ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը: Արդեն իսկ կնքված միջազգային բազմաթիվ պայմանագրերի շրջանակներում Կառավարությունը հնարավորինս աջակցում է մեր գիտնականների սերտ համագործակցությանը համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ: Եվրոպական գիտական համայնքին ինտեգրման խորացմանն է ուղղված, մասնավորապես, Եվրոպական միության գիտութ յան և տեխնոլոգիաների «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացված մասնակցության համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարվա մայիսին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ գիտական դարավոր ավանդույթներ ունեցող մեր երկրում գիտական նոր գաղափարներն ու մշակումները մեր կարևորագույն ռեսուրսներից են, և իրենք պարտավոր են անել հնարավորը՝ այն առավելագույնս իրացնելու համար:

«Գիտությունների ազգային ակադեմիան, ողջ գիտական հանրությունն օր առաջ պետք է մտածեն ուժերը համախմբելու մասին, ակտիվորեն զբաղվեն գիտության համակարգի աշխատանքն առավել օպտիմալացնելու նպատակով, իրականացնեն կառուցվածքային բարեփոխումներ՝ սահմանելով ռազմավարական նշանակության խնդիրները, հաշվի առնելով դրանք լուծելու անհրաժեշտությունը: Պարտավոր ենք գիտության ոլորտը դիտարկել ոչ միայն երկրի հեռանկարային տնտեսական զարգացման ռազմավարության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս