Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության մասին պատմող ներկայացումը կմեկնարկի իտալական «Arena di Verona»-ում

Այսօր «Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական նախագծի ստեղծագործական թիմի, ինչպես նաև նախագծի գործընկեր կառույցների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցում էին գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանը (Ռուսաստան), կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը (Հայաստան), պրոդյուսեր Դավիթ Զարդը (Իտալիա), բեմադրող ռեժիսոր և բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը (Հայաստան), սցենարի հեղինակ Էդուարդ Այանյանը (Հայաստան): Հանդիպման թեման էր՝ «Ամէն» միջազգային երաժշտական և դրամատիկական շոուի հայեցակարգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության և բոլոր ժամանակների ցեղասպանությունների զոհերի հիշատակին:

Կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասնեց՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այս նախագիծը, և ո՞րն է դրա նպատակը. «Այս նախագիծը ես և Հասմիկ Չախմախչյանը սկսել ենք ստեղծել դեռևս երեք տարի առաջ, և, որպեսզի այսօր ունենանք այն, ինչ ունենք, մենք շատ երկար նախապատրաստական փուլ ենք անցել: Սա դարձավ երաժշտական, դրամատիկ մեծ շոու, որի պատրաստման վերջնական փուլից հետո շատ կցանկանանք, որ այն հայտնվի աշխարհի բոլոր լավագույն բեմերում՝ որպես կոչ՝ դատապարտելու բոլոր տեսակի ցեղասպանությունները, որոնցից առաջինը դարասկզբին կատարվեց մեր ազգի նկատմամբ, ու որոնք դեռ, ցավոք, շարունակվում են աշխարհի տարբեր երկրներում»:

«ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական նախագիծն ի սկզբանե նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանը և բոլոր ցեղասպանությունների անցյալի և վերջին՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին, որդեգրել է խաղաղության և ապրելու կոչը, որն արտացոլված է նաև նախագծի անվան մեջ: Արաքսյա Մուշեղյանն ընդգծեց, որ, թեև նախագծի անվանումը՝ «ԱմԷն», ընտրվել է շատ պատահական, բայց մեծ խորհուրդ ունի, որովհետև սա աշխարհի բոլոր լեզուներով հայտնի այն քիչ բառերից է, որի իմաստը բացատրությունների կարիք չի զգում:

Սցենարի հեղինակ Էդուարդ Այանյանը լրագրողներին հայտնեց, որ այս շոուն ոգեշնչված էպիկական դրամա է՝ պատմության ընթացքում հայ ժողովրդի ճամփորդության, նրա ծագման և հավատքի, մշակութային կողմնորոշումների և արժեքների մասին. «Ներկայացման նպատակն է՝ ցույց տալ, որ, չնայած ողբերգական կորուստներին և փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը: Մենք մի կարևոր ասելիք ունենք՝ մեզ ամենածանր օրերին անգամ մեզ բերել-հասցրել է մինչև այս օրերը, դա սերն է, որը մեզ դարձնում է ուժեղ և անպարտելի»:

Կարդացեք նաև

Էդուարդ Այանյանը վստահ է, որ պատահական չէ հենց այս օրերին այս թեմայի քննարկումը, որովհետև մենք երբեք չենք դադարել ստեղծագործ լինել, սիրել մեր երկիրը, մեկս մյուսին ու կյանքը: Սրանք, ըստ նրա, բացարձակ արժեքներ են, իսկ աշխարհը հենց այս դրսևորումներով է, որ պետք է ճանաչի ու ընկալի հայ ժողովրդին ու հայ ազգը:

Բեմադրող ռեժիսոր և բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը հստակեցրեց, որ այս պատմության ներկայացման ընթացքում իր համար՝ որպես բեմադրող-ռեժիսորի, գլխավոր խնդիրն է եղել՝ հայ տեսակն օտարին ցույց տալ իր աչքերով՝ հասկանալու համար, թե ով է հայը, որտեղից է գալիս և ինչ առաքելություն ունի Աստծո կողմից տրված և ուր է գնում. «Այս ճանապարհին պետք է ցույց տանք, որ եղել են և՛ ջարդեր, և՛ պատերազմներ, և՛ էպիզոդներ, բայց դա՛ չի եղել բախտորոշը հայի կյանքում, այլ այն, որ մենք կանք ու դեռ երկար լինելու ենք: Այն արտահայտչամիջոցները, որ մենք կիրառելու ենք բեմի վրա, շատ կարևոր է, որ օտարը հասկանա, որ, այո՛, հայն էլ ունակ է արժեքներ տալու աշխարհին և այդ արժեքներով մասնակցելու ընդհանուր մարդաշինության գործին: Այս իմաստով՝ և՛ բեմադրությունը, և՛ խորեոգրաֆիան արտացոլում են միջազգային մի լեզու, որով մենք մեր ասելիքը տեղ կհասցնենք օտարին»:

Creative team of 'Amen' international musical drama project gave a press conference at Tufenkian Historic Yerevan Hotel

Իտալիայից նախագծին միացած պրոդյուսեր Դավիթ Զարդը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Ես նույնպես կիսում են հնչեցված այն կարծիքները, որ այսօր աշխարհում տիրող ատելության մեծ ալիքը կարող է չեզոքացնել միայն սերը: Որպես մարդասիրության և ընկերասիրության օրինակ՝ ես կբերեմ ռոք երաժշտությունը, որը ֆրանսիական հեղափոխությունից հետո միգուցե ամենամեծ մարդասիրական դրսևորումն է, քանի որ այնտեղ տեսնում ես միասին ներկայացող ամենատարբեր ազգերի ու էթնիկ ռասաների ներկայացուցիչների, ովքեր բոլորը միասին իրար շատ լավ ու ներդաշնակ են զգում: Կրկին խոսելով ցեղասպանությունների մասին՝ պետք է բարձրաձայնել մարդկային հանդուրժողականության պակասի մասին, որ առկա է մեզանում: Ես քիչ առաջ հանդիպեցի Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ, և նա մի շատ դիպուկ նկատառում կատարեց այն մասին, որ մենք պետք է տոնենք կյանքը, և կարիք չկա ողբալու մահացածների համար, որովհետև բոլորովին կարիք չկա և պետք չէ «տոնակատարություններ» կազմակերպել մահացածների անվան շուրջ»:

«ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական ներկայացման մեկնարկը տրվելու է Իտալիայի Վերոնա քաղաքում՝ 2017 թվականի աշնանը: Ներկայացման մեկնարկի համար իտալական քաղաքի ընտրությունը պրոդյուսեր Դավիթ Զարդը մեկնաբանում է՝ որպես լավ առիթ՝ 2000 տարվա պատմություն ունեցող Վերոնայից բարձրաձայնելու ևս շատ հին ազգի պատմության էջերի մասին:

Creative team of 'Amen' international musical drama project gave a press conference at Tufenkian Historic Yerevan Hotel

Տեղեկացնենք, որ «ԱմԷնը» շահույթ չհետապնդող ծրագիր է, որի նպատակն է՝ պրոպագանդել համամարդկային արժեքների, ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ հանդուրժողականության գերակայությունը: «ԱմԷն» ծրագիրը կսկսվի մեծ իրադարձությամբ՝ շոու մեկնարկից Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի «Arena di Verona»-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: «ԱմԷնի» թեմայի հիման վրա կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ՝ լուսանկարների ցուցահանդեսներ և արվեստի ներկայացումներ, մշակութային հանդիպումներ և այլն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս