«Մայրերին կփոխանցեմ, որ հանգիստ լինեն, որովհետև իրենց տղաները վերադառնալու են». վիրավոր զինծառայող

Բենիկ Եղիազարյանը ծառայում է Մատաղիսում: Այժմ նա տարբեր վնասվածքներով բուժում է ստանում ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Նա պատմում է, որ ապրիլի 5-ին հակառակորդը կրակ է բացել, հենց առաջին արկը բացվել է, և ինքը վիրավորվել է: «Մեր տղաներն առաջին բուժօգնությունը ցույց տվեցին: Տարան Մարտակերտի հոսպիտալ, հետո՝ Ստեփանակերտ, հիմա էլ՝ այստեղ: Ամեն ինչ լավ է, կարևորը դա է, ամեն ինչ դեպի լավն է գնում,- ասում է նա ու շարունակում,- Ճիշտ է՝ ասում են՝ առուն թռի, նոր ասա՝ հոպ, բայց հիմա ամենակարևորը՝ դեռ բուժվենք, լավանանք, հետո առաջին նպատակը՝ տղաներին հասնելն է, իրենց հետ լինելն է»:

Այժմ սահմանին կանգնած տղաներին Բենիկ Եղիազարյանը կոչ է անում ուժեղ լինել. «Ճիշտ է՝ իրենք քաջ են, խիզախ են, դուխները տեղն է, կարևորն այդ է»: Իսկ իրենց զինվորներին սպասող մայրերին զինծառայողը չի կարող ասել, որ չանհանգստանան, քանի որ դա անհնար է. «Հիմա իրենց տղաներն առաջնագծում են: Ես կարող եմ իմ փորձից ասել՝ հենց մեկն իմ ծնողը: Անընդհատ որ զանգում էի, ես իր անհանգստությունը զգում էի: Ինչքան էլ ասեի՝ լավ է, մեկ է, ինքն այստեղ զգում է: Մայրերին կփոխանցեմ, որ հանգիստ լինեն, ուժեղ լինեն ու հավատով սպասեն, որովհետև իրենց տղաները վերադառնալու են»:

Տեսանյութեր

Լրահոս