«Մենք ընտրություններում պարտվել ենք, քաղաքացին չի պարտվել, քաղաքացու տված որևէ ձայն չի գողացվել». Նիկոլ Փաշինյան
Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցան Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունները, և քաղաքապետ ընտրվեց գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը քաղաքապետի թեկնածու, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Դուք միշտ քննադատում եք ընդդիմադիր ուժերին, որ իրենց հետ ժողովրդին տանում են դեպի հիասթափություն, հիմա, փաստորեն, դուք պարտվեցիք ընտրություններում, ինչպե՞ս կպատասխանեք ձեր ընդդիմախոսներին, որոնք հիմա ձեզ մեղադրում են, որ մարդկանց տարել եք դեպի պարտություն:
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց, որ, երբ ասվում է՝ մարդկանց չեն տանելու դեպի պարտություն, իրենք մարդկանց տվել են հաղթելու հնարավորություն և պաշտպանել են մարդկանց տված ամեն քվե:
«Մենք ասում ենք՝ մեզ տված քվեն որևէ մեկը չի կարող գողանալ այսօր, վաղը և երբևէ: Քաղաքացին գնացել է ընտրատեղամաս և քվեարկել է, մենք նրան ասել ենք, որ կարող եք այս ընտրությունն անել: Ես դրա համար ասել եմ, որ ի գիտություն եմ ընդունելու քաղաքացու կայացրած ցանկացած որոշում, Հրազդան քաղաքի իշխանության ով լինելը որոշում է հրազդանցին՝ օրենքի սահմաններում և շրջանակներում, բայց եթե քաղաքացին գնում է գործարքի ընտրակեղծարարի հետ, այդ քաղաքացին կատարում է որոշակի ընտրություն: Մենք հրազդանցիներին չենք ասել՝ մենք այս ընտրություններում գալու ենք, հաղթենք, տեսեք՝ ինչ ենք անելու, մենք ասել ենք՝ սա մեր ծրագիրն է, սա՝ մեր թեկնածուն, սա՝ մեր ընտրական համակարգը, սա՝ մեր պատկերացումը, ամսի 17-ին գնացեք և քվեարկեք մեր օգտին, և մենք կպահպանենք ձեր տված ամեն քվեն, ու մենք դա արել ենք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Նրա խոսով՝ իրենք հիմա հրազդանցիներին չեն ասում՝ «այ, հես ա կտեսնեք՝ մենք կգնանք Եվրոպա կբողոքենք, Սահմանադրական դատարան կբողոքենք, հուժկու հանրահավաք կանենք, գրոհով կվերցնենք քաղաքապետարանը, եկեք՝ վրանները վերցրեք, քաղաքապետարանի դեմը պառկեք, քնեք». «Մենք ասում ենք՝ շնորհակալություն ձեր տված ձայների համար»:
Ն. Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացին բոլոր դեպքերում հաղթել է, որովհետև իր ձայնը պահպանվել է. «Մենք քաղաքացուն չենք տարել դեպի պարտություն, մենք ընտրություններում պարտվել ենք, քաղաքացին չի պարտվել, քաղաքացու տված որևէ ձայն չի գողացվել»:
Պատգամավորը համոզված է, որ Հայաստանում ոչ մի իշխանություն «Քաղաքացիական պայմանագրից» ոչ մի «հատիկ» քվե չի կարող գողանալ:
Այնուամենայնիվ, Ն. Փաշինյանի կարծիքով՝ իրենք որոշակի թերացում են ունեցել, այդ թերացումն այն է, որ գուցե իրենք Հրազդանի ընտրական պրոցեսի մեջ շատ ավելի վաղ պետք է մտնեին՝ օրինակ, սեպտեմբեր-հոկտեմբերից. «Այն, որ մենք արդեն երկար ժամանակ է՝ Ազգային ժողովի ընտրական պրոցեսի մեջ ենք, հույս ունեմ, որ դա որոշակիորեն կաշխատի մեր օգտին»:
Հարցին՝ եթե ավելի վաղ մտնեիք այդ պրոցեսի մեջ, ընտրակաշառքներ չէի՞ն բաժանելու, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ խոսքն այն մասին չէ, որ փող չէին բաժանելու, խոսքը նրա մասին է, որ այդ մարդկանց հետ իրենց կոնտակտն ու շփումն ավելի երկար տևեր:
«Քաղաքականությունը գիտակցություն փոխելու պրոցես է, եթե որևէ քաղաքական գործիչ ասում է, որ գիտակցություն փոխելը հնարավոր չէ, կամ հնարավոր չի լինի, ուրեմն՝ ես այդ քաղաքական գործչին խորհուրդ եմ տալիս ընտրել ավելի նուրբ մասնագիտություն, օրինակ՝ կաֆել շարողի: Մենք պետք է մարդկանց այնպիսի գաղափարներ առաջարկենք, որ նրանց համար շատ ավելի թանկ լինեն, քան 10 հազար, 20 հազար դրամը, մենք մարդուն պետք է տանք հույս ապագայի նկատմամբ, փոփոխությունների նկատմամբ: Տեսականորեն ընտրակաշառքի հարցը մենք այդպես ենք պատրաստվում լուծել»,- նշեց Ն. Փաշինյանը: