«Հանցավոր իշխանությունը մեզնից չի կարող ձայներ տանել». Նիկոլ Փաշինյան
«Եթե նկատել եք, մենք ավելի շատ կենտրոնանում ենք ոչ թե՝ թե ինչ է արել իշխանությունը և ինչ չի անում (որովհետև ամեն ինչ պարզ է իշխանության հետ), մենք ուզում ենք ավելի շատ կենտրոնանալ նրա վրա, թե ինչ ենք անում մենք և ինչ պետք է անենք»,-այսօր Հրազդան քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամ, Հրազդանի քաղաքապետու թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնի է, երեկ Հրազդանի քաղաքապետ ընտրվեց գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը:
Ն. Փաշինյանը կարծում է՝ իրենք պետք է շարունակեն իրենց գործունեությունը հետևյալ երկու ուղղություններով. «Մենք պետք է ամրապնդենք մեր օգտին քվեարկած քաղաքացիների վստահություն և մեր գործունեությամբ պետք է խնդիր դնենք ավելի հասկանաալի և հասանելի լինել այն քաղաքացիներին, ովքեր մեր օգտին որևէ պատճառով չեն քեարկել, թեկուզ փողի»:
Նա հայտարարեց, որ իրենք հրազդանցիներին խոստացել են, որ կպաշտպանեն ու կպահպանեն նրանց քվեները, ու արել են դա. «Այս ընտրական պրոցեսի արդյունքում որևէ հրազդանցի չի կարող ասել, որ ես ձեզ քվեարկեցի, դուք չկարողացաք պահել մեր քվեները: Ես սա համարում եմ մեր այսօրվա հանգրվանի ամենակարևոր եզրակացությունը:
Հարցին՝ դուք ասում եք, որ Սասուն Միքայելյանի ձայները պահել եք, եթե այդ ձայնը տեղամասից դուրս է գողացվել՝ ընտրակաշառքի և ահաբեկելու միջոցով, արդեն չե՞ք համարում, որ դրանք պարոն Միքայելյանի պոտենցիալ ձայներն էին,Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Մենք ապահովել ենք, որ տեղի ունենա փակ, գաղտնի քվեարկություն, քաղաքացին եկել է տեղամաս, տեղասում մենք ապահովել ենք իր քվեարկության գաղտնիությունը: Այս քաղաքացին ընտրական տեղամաս մտնելու պահից ազատ էր իր ընտրության մեջ:
Քաղաքական առումով մենք պետք է շարունակենք աշխատել քաղաքացու ազատ ընտրության և հնարավորության իրավունքը ավելի արդյունավետ դարձնելու համար, ու այդ մասով մենք զգում ենք մեր պատասխանատվությունը: Այդ ընտրակաշառքը, որ տվել է, անունը դնում են օգնություն, աջակցություն, ու բազմաթիվ մարդիկ կան, որ վերցրել են այդ օգնությունը և քվեարկել են Սասուն Միքայելյանի օգտին»:
Ն. Փաշինյանը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապացուցել է, որ ինքը կարողանում է պահել ձայները. «Մենք այսօր չենք ասում՝ «վայ, 50 հազար հոգի քվեարկել է Սասուն Միքայելյանի օգտին, բայց հանցավոր իշխանությունը մեր ձայները տարել է», հանցավոր իշխանությունը մեզնից չի կարող ձայներ տանել»: